Ամուլսարի հանքի չշահագործման տնտեսական ռիսկերն ավելի մեծ են, քան կառավարելի բնապահպանական ռիսկերը․ Գևորգ Պապոյան
Ամուլսարի հարցով խմբակցությունն աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։ Նա շեշտեց, որ իրենց խմբակցությունում տարաձայնություններ չկան, պարզապես կան տարբեր կարծիքներ։
«Տարբեր կարծիքների արդյունքում հանգում ենք ճշմարտությանը: Այս հարցում էլ է եղել կարծիքների բախում և խմբակցությունն աջակցում է վարչապետին»,-ասաց Պապոյանը:
Պատգամավորն այս պահին կարևորում է բոլոր կողմերին լսելը՝ ՀՀ շահերը հաշվի առնելով։ Նրա գնահատմամբ՝ հանքի չշահագործման ռիսկերը մեծ են։
«Իմ ներքին համոզմամբ՝ այն տնտեսական ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ, անհամեմատ ավելի մեծ էին և անհամեմատ ավելի վատ հետևանքներ էին ունենալու ՀՀ և ՀՀ քաղաքացու, նրա կենսամակարդակի, նրա անվտանգության համար, քան թե կառավարելի բնապահպանական ռիսկերը»,- շարունակեց Գևորգ Պապոյանը:
Վերջինս հանքարդյունաբերությանը դեմ չէ, փոխարենը կարծում է, որ հանք պետք է շահագործվի բարձր ստանդարտներով։ Նրա խոսքով՝ հիմա հանքերը պետք են ՀՀ տնտեսությանը։










