Վարչապետի կողմից մեծահոգություն էր «Սասնա ծռերին»-ին հանդիպելը․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ԱԺ-ում լրագողների հետ զրույցում, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությանը, նշեց, որ նոր ընտրությունների համար անհրաժեշտ է, որ իշխանությունը շեղվի իր ծրագրից։
«Նման հավանականություն տեսնելու համար պետք է տեսնել ժողովրդի մեջ որևէ բան փոխվե՞լ է, որևէ տրամադրություն, թե ոչ, և իշխանությունն իր հայտարարած ծրագրից շեղվե՞լ է, թե ոչ: Ծրագրից իշխանությունը չի շեղվել, մենք մեր խոստումները կատարելով գնում ենք: Մենք շարունակում ենք ժողովրդի մոտ բացարձակ վստահություն վայելել և այս պարագայում նմանատիպ որևէ բան պնդելու հիմք չկա»,- շեշտեց Պապոյան:
Նա աբսուրդային որակեց «Սասնա Ծռեր» կուսակցության նախագահ Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարություն, թե խորհրդարանի վրա մեծ ազդեցություն ունեն հատուկ ծառայությունները։
«Եկեք աբսուրդային մտքերը չմեկնաբանեմ, չեմ էլ պատկերացնում, թե ինչ ազդեցության մասին է խոսք»,- նշեց նա։
Նա իշխանությունների ու Սասնա ծռերի համագործակցություն չի տեսնում։ «Ես չեմ տեսնում, հանդիպումը դիտարկում եմ վարչապետի մեծահոգության շրջանակում, որ վարչապետը հանդիպել է մարդկանց, որոնք ցանկացել են իրեն տեսնել»,-եզրափակեց Գևորգ Պապոյանը։










