ԱՄՆ-ում բանկը սխալմամբ 120,000 դոլար է փոխանցել զույգի հաշվեհամարին, որոնք ձերբակալվել են գումարը ծախսելու համար

00:04 • 10.09.19

Բանկը սխալմամբ 120,000 դոլար է փոխանցել զույգի հաշվեհամարին, որոնք ձերբակալվել են գումարը ծախսելու համար, գրում  է The Washington Post-ը։

Աղբյուրը հաղորդում է, որ բանկի գանձապահի սխալի արդյունքում 120,000 դոլար փոխանցվել է Ռոբերտ և Թիֆանի Ուիլիամսների BB&T-ի բանկային հաշվին, սակայն վերջիններս որոշել են ոչ ոքի իմաց չտալ դեպքի մասին և շռայլորեն վատնել են գումարը՝ ձեռք բերելով  Chevrolet մոդելի ավտոմեքենա և մի շարք այլ թանկարժեք իրեր։

Ոստիկանության հաղորդմամբ՝ զույգը նույնիսկ 15,000 դոլար հատկացրել է գումարի կարիք ունեցող իրենց ընկերներին։ Զույգը, ինչպես հաղորդում է աղբյուրը, երկու շաբաթվա ընթացքում ծախսել է ավելի քան 100,000 դոլար։

Բանկը Ռոբերտի և Թիֆանիի հետ կապ է հաստատել հունիսի 20-ին և տեղեկացրել, որ պարտավոր են վերադարձնել ողջ գումարը, որից հետո զույգը հայտնվել է անելանելի դրության մեջ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ զույգի դեմ այժմ երեք քրեական մեղադրանք կա․ նրանց մեղադրում են գողության և գողացված գույքի ձեռքբերման մեջ։