Եթե հանկարծ Ջերմուկում ոստիկանական զորքեր տանեն, մենք կաջակցենք և կկանգնենք ջերմուկցիների կողքին․ ակտիվիստ Արման Ղարիբյան
Էրիկ Գրիգորյանն այս առումով ամենաքիչ վստահությունն ունի: Ըստ էության՝ նրանից օբյեկտիվ գնահատական ակնկալել պետք չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողներից Արման Ղարիբյանը, ով նաև հիշեցրեց, որ հայտարարություն էին արել, ըստ որի՝ կոչ են անում չորեքշաբթի օրը միանալ Երևանում կայանալիք երթին, որը կմեկնարկի ԱԺ հանրային այգուց:
«Երթը շատ կարևոր է, որովհետև պայքարը միայն ջերմուկցիների ու հարակից գյուղերի բնակիչների պայքարը չէ, այլ՝ բոլորինս ու, անկախ նրանից, թե մարդը որ համայնքում է ապրում, քանի որ սա բնապահպանական մեծ աղետ է խոստանում երկրի համար: Պետք է սրանով ցույց տանք մեր պատրաստակամությունը, եթե հանկարծ, օրինակ, Ջերմուկում ոստիկանական զորքեր տանեն, մենք կաջակցենք և կկանգնենք ջերմուկցիների կողքին: Այս փուլում իրենց կողքին լինելը շատ կարևոր է, իհարկե, նրանք շատ անկոտրում են, բայց քանակական առումով գուցե քիչ լինեն և մեր աջակցության կարիքն ունենան: Բացի այդ, նաև հոգեբանական առումով նրանք պետք է իմանան, որ մյուսները ևս կիսում են իրենց կարծիքը»,- ասաց Ղարիբյանը:
Շրջակա միջավայրի նախարարության զեկույցի գաղտնի պահվելու մասով Ղարիբյանն ասաց, որ ճշգրիտ չի կարող ասել, թե ինչու են գաղտնի պահում, բայց, ենթադրաբար, որոշ խնդրահարույց կետեր կան, որ այս փուլում, հանքի շահագործման ռազմավարությունից ելնելով, իրենց ձեռնտու չէ հրապարակելը:
«Նախորդ օրը Փաշինյանն իր լայվի ժամանակ ասում էր, որ իրենք ամենաթափանցիկ կառավարությունն են, փաստորեն այդ գաղտնի պահելը հակասում է իր խոսքերին, իրենք այլևս այդքան էլ թափանցիկ չեն»,- նշեց նա և հավելեց՝ նոր չէ, որ հանրությունը չի վստահում ՇՄԱԳ-ին և նախարար Էրիկ Գրիգորյանին, որովհետև նախկին ռեժիմը ևս համագործակցել է «Լիդիան Արմենիա» ընկերության հետ:
«Այս առումով Գրիգորյանը ամենաքիչ վստահությունն ունի: Ըստ էության՝ նրանից չենք էլ ակնկալում, որ օբյեկտիվ գնահատական կարող է տալ»,- հավելեց նա:
Ղարիբյանի խոսքով՝ պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, մինչ կհասնեն նպատակին, կամ կթուլանա այն ժամանակ, երբ ջերմուկցիները կորոշեն, որ պետք չէ պայքարել:
«Ի սկզբանե սա իրենց նախաձեռնությունն է եղել, նրանք բացառիկ ակտիվություն են ցուցաբերում: Ինչպես ասում են՝ «Իրենք են տերը իրենց երկրի», այս կարգախոսը կյանքի են կոչել: Արդեն քանի ամիս է՝ նրանք պահում են իրենց դիրքերն ու թույլ չեն տալիս, որ իրենց հարակից գյուղերը ևս աղտոտվեն: Եթե հանկարծ իրենք նահանջեն, միայն այդ դեպքում կարող է պայքարը նվազել, ինչը ես անհնար եմ համարում: Մարդիկ կտրվել են իրենց աշխատանքից, անձնական կյանքից առօրյայից կտրվել են ու այս գործին են նվիրվել: Եվ հիմա չեն կարող պարզապես հեռանալ: Այդ պատճառով, ես ենթադրում եմ, որ բախումներ հավանաբար կլինեն ոստիկանության ու բնակիչների միջև, և հենց այդ ժամանակ մենք բոլորս պետք է լինենք տեղացիների կողքին և թույլ չտանք, որ ոչ իրավաչափ ուժ կիրառվի»,- նշեց նա և հաստատեց՝ բոլորի գաղափարը նույնն է, որի համար պայքարել է պետք:










