Արման Բաբաջանյանը չի հրաժարվի մանդատից և չի բացառում, որ նոր քաղաքական ուժ կարող է ձևավորել

17:29 • 10.09.19

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքելուց հետո պատրաստվում է իր գործունեությունը ծավալել՝ որպես անկախ պատգամավոր: Այս մասին Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտարարեց Բաբաջանյանը:

«Ես համոզված եմ, որ Նոր Հայաստանը կարիք ունի միանգամայն նոր քաղաքական համակարգի, մտքի ու նոր քաղաքականության: Ցավոք, ես այդ նոր քաղաքականությունը չեմ տեսնում հատկապես խորհրդարանական ուժերում: Մենք ունենք խորհրդարան, որը համարժեք չէ պետության ու հասարակության առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին: Ես հետայսու արդեն անկախ պատգամավորի կարգավիճակով անելու եմ առավելագույնը՝ անհրաժեշտ ուժերին ու անհատներին համախմբելու, ու նրանց ներուժը Հայաստանի պետականությանն ու հայ ժողովրդին ծառայեցնելու համար»,- ասաց Բաբաջանյանը:

Ավելի ուշ ԱԺ միջանցքում Hraparak.am-ի հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք նոր քաղաքական ուժ ձեւավորել, նա պատասխանել է․ «Այս պահին նման զարգացումներ չկան, բայց չեմ բացառում»։

Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը հայտնել էր, որ ցանկանում է լքել խմբակցությունը, սակայն պատգամավորական մանդատը վայր դնելու մասին որոշում դեռ չի կայացրել: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ պատգամավորից մանդատի վերադարձ է ակնկալում: