Չարենցավանում BMW X5-ը բախվել է դիզվառելիքի տեղափոխող «ԿամԱԶ»-ին ու այրվել. BMW X5-ից դուրս է բերվել վարորդի մոխրացած դին. Shamshyan.com

09:48 • 10.09.19

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ ժամը 07։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ճանապարհային ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, ավտոմեքենա է այրվում։

Պարզվել է, որ BMW X5 մակնիշի 50 ՕՏ 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Սևան ընթանալիս բախվել է КамАЗ մակնիշի՝ դիզվառելիք տեղափոխող ավտոմեքենայի հետնամասին։ Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, և BMW X5-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Հրշեջ-փրկարարները, մարելով կրակը, ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են վարորդի՝ ամբողջովին մոխրացած դին։

Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան վերցվել էր վարձույթով։ Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Չարենցավանի հիվանդանոցի բժիշկներն առաջին բուժօգնությունն են ցուցաբերել КамАЗ-ի վարորդին, ապա տեղափոխել հիվանդանոց։