Խաչատուրովին ՀԱՊԿ-ից հետ կանչելու պատճառով մեծ հակահայկական ֆոն ձևավորվեց, որի դեմ պայքարում էր նաև ՀՀ ԱԳՆ-ն. քաղաքագետը՝ Շավարշ Քոչարյանի հայտարարության մասին
Չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ի դերակատարման աճը կամ հակառակը՝ անկումը ինչ-որ ձևով կապված է Խաչատուրովի գործի հետ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հակոբ Գաբրիելյանը՝ անդրադառնալով ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի այն հայտարարությանը, թե Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելով՝ ՀԱՊԿ-ի ու Հայաստանի հեղինակությունը բարձրացել է:
«Ընդհակառակը՝ տվյալ գործի ժամանակ ՀԱՊԿ-ի հեղինակությունը որոշակիորեն փորձության ենթարկվեց, այսինքն՝ սպառնալիք կար, և ակնհայտ էր, որ նման խնդիրը նախևառաջ պետք է լուծվեր Հայաստանի ներսում, այլ ոչ թե դուրս բերվեր միջազգային հարթակ և ՀԱՊԿ միջազգային հեղինակության վրա ազդեցություն ունենար: Այսինքն՝ Խաչատուրովի դեմ քրգործի հարուցումը և ապա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելը առաջին հերթին նման մեծ միջազգային կառույցի համար էր հեղինակության խնդիր և ապա ոչ պակաս խնդիր էր ՀՀ-ի արտաքին քաղաքականության համար»,-ասաց քաղաքագետը:
Հակոբ Գաբրիելյանի խոսքով՝ ըստ էության խնդիրն ավելի խորքային էր: «Այսինքն՝ թե ինչ բարդ է գերադասել ներքին քաղաքական հիմնախնդիրները ՀՀ-ի օրենքները միջազգային կառույցի օրենքին ու կանոնադրությանը: Այստեղ պետք է բալանս գտնել, և այս պահին վստահ եմ, որ ՀՀ-ի բոլոր որոշում կայացնող մարմինները, այդ թվում՝ ԱԳՆ-ն արդեն հասկացել է, որ այդ խնդիրը ժամանակին պետք է լուծվեր պետության ներսում և դուրս չբերվեր նման միջազգային հարթակ՝ խոչընդոտներ ստեղծելով նաև սեփական երկրի համար»,-ասաց նա:
Քաղաքագետն ընդգծեց, որ չնայած նմանատիպ հայտարարություններին՝ բոլորն են քաջատեղյակ, որ այդ խնդրի պատճառով չափազանց մեծ հակահայկական ֆոն ձևավորվեց, նաև ԶԼՄ-ներում: «Ըստ էության երկար ժամանակ ԱԳՆ-ն պայքարում էր այդ հակահայկական ֆոնի դեմ, և բարեբախտաբար ՀԱՊԿ մեր գործընկերները՝ թե՛ ՌԴ-ն, թե՛ Բելառուսը, թե՛ Ղազախստանը բավականին կառուցողական ձևով որոշեցին այդ խնդիրը ՀՀ-ի հետ քննարկել երկխոսության ձևաչափով, արդյունքում եկան կոնսեսուսի, որը բավարարում է բոլոր կողմերին»,-ասաց նա:
Գաբրիելյանը նկատեց, որ հիմա կարծես այդ խնդրով պայմանավորված ռիսկերը մինիամալիզացվել են, և ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի պաշտոնն ամենայն հավանականությամբ կզբաղեցնի Բելառուսի անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասը:
«Դրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ Խաչատուրովի դեմ հարուցված այս գործը լավ օրինակ է այն իմաստով, որ հնարավորություն է տալիս ապագայում նման խնդիրները կանխատեսել և կոնսեսուսային ձևով լուծել: Այսինքն՝ կողմերը պետք է նախևառաջ ստեղծեն փաստաթղթային օրակարգ, որի շրջանակներում նման խնդիրները ինստիտուցիոնալ ձևակերպվեն, լուծվեն և հնարավորին դեպքում կանխատեսվեն: Մինչ այդ ՀԱՊԿ-ի կանոնակարգում նման խնդիրը կանխատեսված չէր, և ինչքանով տեղյակ եմ, շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ-ն համապատասխան նախաձեռնությամբ է հանդես եկել կազմակերպության կանոնադրության փոփոխման վերաբերյալ, որն ընդունվել է ՀԱՊԿ անդամ մյուս երկրների կողմից, ու ՀԱՊԿ-ում հիմա վստահ եմ, որ տարվում են որոշակի աշխատանքներ, որպեսզի նման ֆորմալ խնդիրներ պաշտոնը ժամանակից շուտ մեկ երկրի ներկայացուցչից մյուսին տրամադրելու մեխանիզմներ լինեն»,-ասաց նա:
Նշենք, որ Հայաստանի կողմից կանոնադրությունում առաջարկվող փոփոխությունները վերաբերում են գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման կարգին։ Ինչպես առաջարկում է Երևանը, գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի այն երկրի ներկայացուցիչը, որը նշանակվել է 3 տարով, ու երկիրը պետք է պահպանի այն մինչև մանդատի ավարտը։ Առանց կանոնադրության փոփոխման Երևանը հրաժարվում է հաստատել նոր գլխավոր քարտուղարին, որը լինելու է Բելառուսի ներկայացուցիչը։
Իսկ կոնսեսուսը, քաղաքագետի խոսքով, այն էր, որ Հայաստանը մտադիր էր մինչև գլխավոր քարտուղարի մանդատի ավարտը, այսինքն` 2020 թ.-ի հունվարի մեկը պահպաներ:
«Այսինքն՝ այդ ստատուսը պահեց, և դրա հետ խնդիրներ չեղան»,-ասաց նա:










