643 պաշտոնյայի համար՝ 1717 մեքենա. Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի և իշխող ավագանու միջև թեժ բանավեճեր են նախկին կոռուպցիոն սխեմաների առնչությամբ

12:08 • 10.09.19

Ստամբուլի քաղաքապետարանում սեպտեմբերի 9-ին կայացել է այս ամսվա առաջին նիստը, որի օրակարգը հագեցած է եղել ընդդիմադիր քաղաքապետի և իշխանական ավագանու միջև ընթացող թեժ բանավեճերով:

Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից Ստամբուլի քաղաքապետ ընտրված Էքրեմ Իմամօղլուն դեռ մինչ քաղաքապետ դառնալը հայտարարել էր Ստամբուլի քաղաքապետարանում առկա կոռուպցիայի մասին: Երեկվա նիստում թեժ քննարկումներ է առաջացրել հիմնադրամների և անհրաժեշտությունից ավելի մեքենա վարձակալելու միջոցով հնարավոր կոռուպցիոն սխեմաների թեման, գրում է artigercek.com-ը:

Ըստ artigercek.com-ի՝ Իմամօղլուն հայտարարել է, որ «643 պաշտոնյայի համար 1717 մեքենա է վարձակալվել», և դա որակել է որպես քաղաքապետարանի միջոցների վատնում՝ խոստանալով, որ հավելյալ մեքենաները կցուցադրվեն Ստամբուլի հրապարակներից մեկում:

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետն ավելի վաղ հայտարարել էր, որ այդ մեքենաները հետ են վերադարձվելու: