«Ես կարողացա մեկնել այնպես, որ իմ գնալուց հետո 12 ժամ անց ռուսական դատարանն արդեն վճիռ էր կայացրել իմ տեղաշարժն արգելելու մասին». Հայաստանում փախստականի կարգավիճակ ստացած Վիտալի Շիշկին (տեսանյութ)

10:39 • 10.09.19

Օրերս հաղորդվել էր, որ Հայաստանի միգրացիոն ծառայությունը ռուս ընդդիմադիր, հասարական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին ճանաչել է փախստական ու ապաստան տրամադրել: 

Նախօրեին Վիտալի Շիշկինն իր ֆեյսբուքյան էջով ուղիղ հեռարձակման ժամանակ պատմել է այն մասին, թե ինչպես է եկել Հայաստան, ինչպես նաև իր ապագա պլանների մասին:

Մասնավորապես նա ընդգծել է, որ անձամբ Լենինն է ժամանակին ասել, որ «Ռուսաստանում հեղափոխություն անելու համար մարդ պետք է առնվազն երկրի սահմաններից դուրս գտնվի»:

«Ես շնորհակալ եմ «Մեմորիալ»-ին (իրավապաշտպան կենտրոն-tert.am), որ նրանք դիմել են Հայաստանին՝ Միգրացիոն ծառայությանը՝ ինձ փախստականի կարգավիճակ տրամադրելու հարցով»,- ասել է նա՝ հավելելով, որ թե ինչպես է հասել Հայաստան, «դա մի առանձին դետեկտիվ պատմություն է»:

«Ես արտասահմանյան անձնագիր չունեի, ինձ ՌԴ-ում դա ոչ ոք չէր պատրաստվում տալ, և ես կարողացա մեկնել այնպես, որ իմ գնալուց հետո 12 ժամ անց ռուսական դատարանն արդեն վճիռ էր կայացրել իմ տեղաշարժն արգելելու, Կալուգայի մարզից դուրս որևէ տեղ չգնալու մասին: Դուրս գալու արգելք, արտասահմանյան անձնագիր ստանալու արգելք: Եվ բառացիորեն 13 ժամ անց ինձ սկսեցին ման գալ արդեն ոստիկանությունում: Իհարկե, բոլոր այդ արգելքներն ու դատարանների վճիռները ես բողոքարկել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Եվ հիմա սպասում եմ արդյունքներին, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- ասել է Վիտալի Շիշկինը:

Նա իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանին:

«Ես շատ երախտապարտ եմ Հայաստանի Հանրապետությանը, կառավարությանը, ես շատ ուրախ եմ, որ այս երկրում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել: Դուք չեք հավատա, այն դարձել է այլ երկիր, և հեղափոխությունը, որ տեղի է ունեցել այս երկրում, փոխել է ամբողջ երիտասարդությանը»,- նշել է ռուս ընդդիմադիր գործիչը:

Վիտալի Շիշկինի ֆեյսբուքյան էջի տեղեկությունների համաձայն՝ վերջինս հանդիսանում է «Քաղբանտարկյալների երեխաներին օգնություն ցուցաբերելու միջազգային բարեգործական հիմնադրամ»-ի և «Ո՛չ ապօրինություններին, խոշտանգումներին և ստրկությանը» միջազգային հասարակական կոմիտեի նախագահը: Վիտալի Շիշկինը կալանավորված է եղել 2015 թվականի փետրվարի 13-ից մինչև 2019-ի հունվարի 10-ը՝ «Զանգվածային անկարգությունների կոչերի», «Ատելության և թշնամանքի սերմանմանն ուղղված գործողությունների» մեղադրանքներով: Նշենք, որ Շիշկինը հակակառավարական ցույցերի է մասնակցել Ռուսաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, Թուրքիայում, Մոլդովայում: