Չորրորդ արդյունաբերական հեղափոխությանը զուգընթաց առաջանում են նոր մասնագիտություններ, վերանում՝ հները. Տ․ Ավինյանը մասնակցել է «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի մեկնարկին

12:09 • 11.09.19

Ս․ թ․ սեպտեմբերի 11-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի ու Հանրային քաղաքականության ինստիտուտի կողմից նախաձեռնած «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի ներկայացմանը։ Այս մասին հայտնում է Փոխվարչապետի գրասենյակը։

Շնորհավորելով մեկնարկի կապակցությամբ՝ Տիգրան Ավինյանը հույս է հայտնել, որ ծրագրի հաջող իրականացումը կնպաստի մի շարք մարտահրավերների հաղթահարմանը, որոնք առկա են Հայաստանի աշխատաշուկայում:

Փոխվարչապետն ասել է, որ գրեթե բոլոր պետությունները բախվում են գործազրկության խնդրի հետ և ավելի ու ավելի դժվար է դառնում այն ավանդական մոտեցումներով կառավարելը, ինչի հիմնական պատճառը աշխարհում արագ տեղի ունեցող փոփոխություններ են: Ուսուցչի, հանրային ծառայողի, ինժեների աշխատանքին ներկայացվող պահանջներն այսօր զգալիորեն տարբերվում են տասը տարի առաջ առկա պահանջներից: Չորրորդ արդյունաբերական հեղափոխությանը զուգընթաց առաջանում են նոր մասնագիտություններ, ու վերանում հները: Այսպիսով՝ զբաղվածության դաշտում փոփոխությունները ստիպում են փնտրել նոր ու ստեղծագործ լուծումներ: «Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը որդեգրել է հենց այս մոտեցումը և լիովին համահունչ է կառավարության «Աշխատիր Հայաստան» նախաձեռնության նպատակներին, որոնք իրենց առանցքում դնում են աշխատանքի ոլորտում փաստերի վրա հիմնված քաղաքականությունների մշակումը: «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրում փոխվարչապետը հատկապես կարևորել է արհեստական բանականության միջոցով աշխատաշուկայի միտումների և ապագայի մասնագիտությունների պահանջարկի ուսումնասիրությունը, ինչը կարող է կրթության ոլորտի նոր քաղաքականության մշակման հիմք դառնալ:

Փոխվարչապետը անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի բաղադրիչ է փափուկ հմտությունների ձևավորմանը նպաստելը: Նա ընդգծել է, որ փափուկ հմտությունները ժամանակակից աշխատաշուկայում մեծ դեր ունեն, սակայն դրանք լիարժեքորեն չեն ձևավորվում ֆորմալ կրթության գործընթացում: Մինչդեռ չափազանց կարևոր է աշխատաշուկա մուտք գործողին սովորեցնել քննադատելու, ստեղծագործելու, թիմում աշխատելու և այլ փափուկ հմտություններ: Հարցը օրակարգային է նաև կառավարության համար և ընդգրկված է «Աշխատիր Հայաստան» ծրագրում: