Վարչապետն ինչո՞ւ չի իջնում ժողովրդի մոտ՝ այս ժողովրդի շնորհիվ է դարձել վարչապետ. ավտոներկրողները բողոքի ակցիա իրականացրին կառավարության դիմաց
Լուսանկարը՝ Factor.am-ի
Կառավարության դիմաց ավտոներկրողները բողոքի ակցիա են կազմակերպել և սպասում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:
Ավտոներկրողները բողոքում են ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու ծրագրից:
«Հիմա կառուցում են մեծ մաքսակետ և քննական բաժանմունք Գյումրիում: Գտնում ենք, որ անհնար է Երևանից և ընդհանրապես, տարբեր տեղերից քաղաքացիները մեկնեն Գյումրի մաքսազերծում անելու համար, մանավանդ, որ մնացել է 3 ամիս, որ մարդիկ մասսայական գործազուրկ լինեն, քանի որ չեն կարողանալու արտերկրից ներկրեն մեքենա: Հիմա ի՞նչ կարիք կա ձմռան շեմին բոլորս մեկնենք Գյումրի: Ես պարոն վարչապետին հարց եմ տալիս, որ այդքան քաղաքացի մեկնի Գյումրի, պատկերացնու՞մ եք ինչ վթարներ կլինեն»,-ասաց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և նշեց՝ որքան ժամանակ է սպասում են, իսկ կառավարությունից ոչ ոք չի իջնում՝ իրենց տեսնելու:
Նա նշեց, որ հաջորդ խնդիրն այն է, որ 10 հազար մեքենա կուտակվել է Վրաստանում. հայերի մեքենաները չեն բեռնաթափում: Հունվարից հետո 10 հազար մարդ չի հասցնելու իր մեքենան հասցնի Հայաստան, ՊԵԿ-ի, ոստիկանության պատասխանն էլ այն է` թե ծախեք վրացիներին»,-ասաց նա:
Ավտոներկրող Գարիկ Վարդանյանը հիշեցրեց վարչապետի խոսքերը, ով նշում էր, որ ժողովրդի հետ ցանկացած հարց պետք է քննարկել:
«Ինչու՞ չի իջնում ժողովրդի մոտ՝ այս ժողովրդով է դարձել վարչապետ, ոչ թե մենակ: Ու՞ր ես, Նիկոլ վարչապետ»,-ասաց նա և հավելեց, որ եթե վարչապետը չի կարող, գոնե կառավարության ներկայացուցիչները կարող են իջնել:
Գարիկ Վարդանյանը նշեց, որ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելն աբսուրդ է. «Այս կառավարութան բոլոր աշխատողները բյուջեով են սնվում, որի ահռելի մասը ավտոներկրողներ են կազմում. եթե գործը կանգնեց, սոցիալական բունտ է լինելու: Նախկիններին ինչու՞ բոլորս հեռացրինք, որովհետև նույն վիճակն էր: Մենք օրենքից դուրս որևէ բան չենք պահանջում: Իմ առաջարկն է՝ միայն վարչապետի հետ խոսելը»:
Ակցիայի մասնակիցներից նաև ճանապարհները փակելու առաջարկ եղավ:










