Մի քանի կազմակերպություններ դիմել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին՝ Թուրքիայում լրագրողների նկատմամբ իրականացվող սահմանափակումների հետ կապված
Խոսքի և տեղեկատվության ազատության պաշտպանությամբ զբաղվող «Հոդված 19»-ը (Article 19) և մեկ տասնյակից ավել այլ կազմակերպություններ դիմել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին Թուրքիայում լրագրողների նկատմամբ իրականացվող սահմանափակումների հետ կապված:
«Հոդված 19»-ը ՄԱԿ-ին ուղղված դիմումում նշում է, որ Թուրքիայում այս պահին կալանավորված է 138 լրագրող կամ մեդիա աշխատակից, ըստ այդմ, հարյուրավորների նկատմամբ կա «ահաբեկչությանը օժանդակելու» մեղադրանք և նրանց դատավարություններն ընթացքի մեջ են:
Խոսքի և տեղեկատվության ազատության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները կոչ են արել ՄԱԿ-ի անդամ և դիտորդ հանդիսացող բոլոր պետություններին Մարդու իրավունքների 42-րդ նստաշրջանի ժամանակ բարձրացնել խոսքի ազատության, դեմոկրատիայի և օրենքի գերակայությունը ոտնահարող այս խնդիրների մասին:
Նշենք, որ «Հոդված 19»-ը այս տարվա օգոստոս ամսին նույնպես դիմել էր ՄԱԿ-ին՝ զգուշացնելով Թուրքիայում մարդու իրավունքների արագորեն վատթարացող իրավիճակի առնչությամբ:










