Խորհրդարանն այսօր ընտրում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ. թեկնածուն ԿԲ նախագահի գլխավոր խորհրդականն է

14:40 • 12.09.19

 

Խորհրդարանն այսօր ընտրում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այս պաշտոնի համար առաջարկել է ԿԲ նախագահի գլխավոր խորհրդական Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը:

Ղահրամանյանի խոսքով՝ Կենտրոնական բանկը դեռ տարեսկզբից կանխատեսել էր, որ գնաճային միջավայրը ցածր է լինելու:

«ԿԲ-ն սեպտեմբերի 10-ին նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, բայց ոչ թե նրա համար, որ հիմա ցածր գնաճ է արձանագրվում, այլ նրա համար, որ ցածր գնաճ է կանխատեսվում: Պատճառը, թե ինչու է գնաճը ցածր, այլ է: Դա պայմանավորված է արտաքին շուկայից եկող գնանկումային ազդակներով, որովհետև համաշխարհային պահանջարկը նվազում է»,- ասաց Ղահրամանյանը:

Նախագահի գլխավոր խորհրդականը նշեց, որ ցանկացած քաղաքացու կարծիք նրանց համար կարևոր է, որի համար փորձում են Կենտրոնական բանկի մասին կարծիք ձևավորել, ապահովելով՝ թափանցիկություն:

«Մենք հետևում ենք, թե ինչ վարքագիծ են ցույց տալիս ազգային կամ կենտրոնական բանկերը, որ դեպքերում ինչ կարգավորումներ կարելի է անել, բայց դա շատ սաղմնային փուլում է»,- նշեց նա:

Հարցին, թե Ղահրամանյանը ինչպես է իրենց պատկերացնում ապագայում դոլարիզացիայի մակարդակի նվազեցման փուլում, Ղահրամանյանը նշեց, որ դոլարիզացիայի մակարդակի նվազումը վերաբերվում է ազգային արժույթի նկատմամբ վստահության աճին:

«Դոլարիզացիայի նվազումը մեզ համար շատ կենսական խնդիր է, քանի որ ոչ միայն ֆինանսական կայունությանն է առնչվում, այլ նաև դրամավարկային կայունության ապահովմանը, որովհետև եթե շրջանառությունում կա դոլարային մեծ զանգված, Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքի փոփոխությունը միայն դրամային միջոցների վրա է ազդակ թողնում»,- ասաց նա: