Եթե ես առաջին օրն ասել եմ՝ թիմից եմ, վերջին օրը լինելու եմ թիմում. Արթուր Մանուկյանը կվերցնի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորական մանդատը

13:22 • 12.09.19

«Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանին խորհրդարանում կփոխարինի Արթուր Մանուկյանը: Tert.am-ի հետ զրույցում Մանուկյանը նշեց, որ ընթացակարգին համապատասխան կստանձնի օրենսդրի մանդատը:  

Նշենք, որ Մանուկյանը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ էր, նաև երգում է «Հովեր» պետական կամերային երգչախմբում, «Գոյ» ազգային փորձարարական թատրոնի դերասան է: Անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

Արթուր Մանուկյանը Tert.am-ի հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ Էդգար Առաքելյանի՝ մանդատից հրաժարվելու պատճառներին և որակել որպես պատասխանատվությունից հրաժարվելու քայլ:

«Պատասխանատվությունը նրա համար է, որ ինչ-որ մեկը պետք է ստանձնի, ես իհարկե չեմ պատկերցնում, որ այս ամենը հեշտ է լինելու: Երբ պարզ էր, որ հեղափոխությունը եղավ, ես հասկանում էի, որ լինելու է ծայրահեղ դժվար: Եթե այն ժամանակ ենթադում էի, այսօր արդեն գիտեմ, որ ամեն քարի տակ ական կա դրված, հնարավոր չէ մեկ ոլորտին նույնիսկ ամենաթույլ ուժգնությամբ ձեռք տալ և ահավոր խնդիրներ դուրս չգան: Այդ խնդիրները մեկ օրվա չեն, դրանք տասնյակ  տարիների խնդիրներ են, բայց խնդիրն այն է նաև, որ մենք պետք է ապրենք, դրանք չենք կարող թողնել մյուս սերնդի վրա, պետք է խնդիրը վերցնենք, փորձենք լուծումներ գտնել, եթե կարողացանք՝ ուրեմն լավ, եթե ոչ, գոնե պարզ լինի, որ կա խնդիր, որի շուրջ մեր ուժերը  չհերիքեց և մյուս սերունդը կարող է լուծում գտնել,  ոչ թե բացահայտեն իրենց համար տարբեր խորություներով թաքնված ականներ, որոնցից կարելի է նաև զարհուրել, ո՞նց կարելի է այդ խնդիրները չլուծելով առաջ գնալ, ապրել երջանիկ, հարուստ ու անհոգ»,-ասաց նա:

Արթուր Մանուկյանն առանց անձնավորման նշեց, թե թիմային  պատասխանատվություն չվերցնելն իր համար անընդունելի է: «Ես թատրոնի, երգչախմբի  մարդ եմ և, եթե  մի օր որոշեմ, որ թիմային պատասխանատվություն չեմ վերցնում ինձ վրա, դա կլինի աղետ, ապուշություն: Եթե թատրոնի ներկայացման ժամանակ որոշեմ, որ ես թիմային չեմ,  անհատական եմ և իմ ուղին պետք է տանեմ,  ես կլինի հիմար վիճակում՝ ներկայացման, հանդիսատեսի և իմ կոլեգաների առջև»,-ասաց նա: 

Դիտարկմանը, թե նա ընդունո՞ւմ է, որ պետք է որոշ դեպքերում իր մոտեցումները վերանայվեն, գուցե զիջվեն թիմային որոշմանը, Արթուր Մանուկյանը նշեց, որ ինքն այն թիմի անդամ է, որտեղ երբեք չեն վերաբերում խնդրին ստորադասելու կամ վերադասելու սկզբուքնով: «Կարծիքները հնչում են, փորձում են փաստարկված լինել, լսվում են կարծիքները և փորձում ենք  ընդհանուր եզր գտնել, որովհետև  քաղաքականության մեջ մեկի կարծիքը դա ոչինչ է, բայց միաժամանակ բազմակարծությունը նրա համար է, որ ի վերջո գաս հանգուցալուծման:  Բազմակարծությունը դրա համար է, ոչ թե ամեն մեկը մի բան գոռա, սելը ամեն մեկն իր կողմը տանի: Իմ փորձառությունը կուսակցությունում ինձ վստահություն տալիս է, որ ես լսված  կլինեմ, հաշվի առնված կլինի, բայց ընդհանուր որոշումը պետք է լինի, և բոլորս ոչ թե պետք է ծառայենք, այլ փորձենք այդ որոշումը ի կատար ածենք, որպեսզի աջը աջ լինի,  ձախը՝ ձախ, որ հասկանալի լինի, թե այդ մարդիկ ուր են գնում, կգնան մյուսները, թող ճիշտ գնան, սիրով, ամեն ինչ բաց ու թափանցիկ է»,-ասաց նա:

Նորընտիր պատգամավորը համաձայն է, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցը կարևոր փորձություն է իր քաղաքական ուժի համար: «Դեռ շատ հստակ լուծում չկա իշխանության կողմից, դեռ կարծիքները ազդեցություն ունեն և դեռ կունենան, որոշումն անպայման կլինի, և եթե դա լինի մեր թիմի վերջը, թող լինի մեր թիմի վերջը, թող գա ուրիշ  թիմ, որը կարող է Ամուլսարի հարցը լուծել այնպես, որից բոլոր կողմերը գոհ կլինեն»,-ասաց նա:

Իր անձնական տեսակետը խնդրի շուրջ Մանուկյանը չի շտապում ներկայացնել, բայց շեշտում է, որ կսկսի թիմի որոշման բոլոր հետևանքները: «Մի օրինակ բերեմ, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պետք է խաղա Բրազիլիայի հետ, բոլորը 90 տոկոսով գիտեն այդ խաղն ինչով է ավարտվելու, բայց թիմի խաղացողները դուրս չգան  մարզադաշտ և ասեն՝ ես հրաժարվում եմ, սա իմը չի: Բոլոր հարցերի համար պետք է պատասխանատվություն վերցնել, կներեք էլի, մեղր ուտելուց բոլորը գդալներով են, իսկ մեղր հանելու համար մեկին են սպասում: Սա կոնկրետ մեկի չի վերաբերում, բայց եթե ես առաջին օրը ասել եմ՝ թիմից եմ, վերջն օրը ես լինելու եմ թիմում»,-ասաց նա:

Մանուկյանը նշեց, որ ինքը չի ուսումնասիրել Ամուլսարի տնտեսական և քաղաքական ասպեկտները և խորապես չի կարող պատկերացնել խնդիրը: «Բայց ես ծնվել եմ 1970 թ․-ին, 19-20 տարեկան էի, երբ Ատոմակայանը  և Նաիրիտը փակվեցին, իհարկե, նրանք ահավոր վնաս էին տալիս էկոլոգիային, և Չեռնոբիլը նոր էր եղել և բոլորը էմոցիոնալ, ոչ էմոցիոնալ համոզմունքով դեմ էին, և՛ Ատոմակայանը, և՛ Նաիրիտը փակվեցին, բայց այդ գործարանների վնասները որևիցէ մեկը հաշվե՞լ է, հաշվե՞լ է քանի միլիոն մարդ է արտագաղթել երկրից, քանի միլիոնը չծնվեց, ոչ ոք  չի տեսել, և քանի որ ես դա տեսել եմ, ես չեմ շտապում եզրակացություն անել»,-ասաց նա:

Իսկ այն մեկնաբանությունները, որ նոր իշխանությունն իր սկզբունքներից շեղվում է, քանի որ մինչ այդ ասում էին, որ ժողովուդն է որոշում, Մանուկյանը պատասխանեց, որ ժողովրդին միշտ պետք է լսել: «Միշտ պետք է լսել ժողովրդին, բայց միշտ չէ, որ ժողովրդի ասած ճանապարհը ելք է և ոչ թե անդունդ»: