Մի քանի հարյուր աշխատատեղի ու ժամանակավոր տնտեսական էֆեկտի համար մենք մեր փոքր երկրի տարբեր հատվածներ մատնում ենք քայքայման. Երևանի ավագանու անդամ

11:26 • 12.09.19

Վարչապետի հայտարարությունից մի շատ տրամաբանական հարց է ծագում` եթե «տեսչական մարմինները գնացին և մանրամասն ստուգում իրականացրին, որի արդյունքում եզրակացրին, որ պատվարի փլուզման վտանգ չկա, և նախորդ օրվա երկրաշարժը ապացուցեց այդ պնդման ճշմարտացիությունը», ապա ինչո՞ ւ է դրանից հետո դրվել պոչամբարի պատվարի փորձաքննություն իրականացնելու պահանջ, և ինչո՞ւ է մինչև այդ փորձաքննության արդյունքներն ունենալը թույլատրվել հանքի վերագործարկումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը:

«Ի սկզբանե Թեղուտի հանքի լիցենզիան տրվել է բազմաթիվ խախտումներով, շահագործման ընթացքում դրանք շարունակվել են (ամենապարզ օրինակը` չի իրականացվել պահանջված անտառվերականգնումը), մինդեռ հանքի շահագործման լիցենզիան տալիս մեզ համոզում էին, թե այդ «բացառիկ» հանքը շահագործվելու է «միջազգային ստանդարտներին» համապատասխան: Այդ խախտումների համար ո՞վ պատասխանատվության ենթարկվեց:

Ընդհանրապես` մեր ընդերքօգտագործման օրենսդրությունը և պետական կառավարման համակարգը` իր վերահսկողական մեխանիզմներով և մասնագիտական ներուժով խիստ անբավարար է, ինչի պայմաններում ներկայիս Հայաստանում որևէ հանքի շահագործումը ինքնաբերաբար շատ ռիսկային և վտանգավոր է:

Մենք նախ պետք է ուժեղացնենք մեր պետությունը, հետո կարելի է մտածել հանքերի ու միջազգային հզոր ընկերությունների հետ գործ բռնելու մասին, այլապես մենք միշտ խեղճանալու ենք: Մի քանի հարյուր աշխատատեղի ու ժամանակավոր տնտեսական էֆեկտի համար մենք մեր փոքր երկրի տարբեր հատվածներ մատնում ենք քայքայման` դրանք ընդմիշտ դարձնելով անհեռանկար, մեռյալ գոտիներ»,-գրել է Գայանե Մելքոմ Մելքոմյանը: