ՌԴ-ն դիմել է Ինտերպոլ՝ Սմոլենկովի գտնվելու վայրի մասին տվյալներ ստանալու համար

19:01 • 12.09.19

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Ռուսաստանում ամերիկյան ենթադրյալ լրտես Օլեգ Սմոլենկովի շուրջ ստեղծված իրավիճակին, գրում է Meduza-ն։

Զախարովան հայտնել է, որ ռուսաստանցին ընտանիքի հետ անհետացել է մեկ այլ երկրում։ Այդ պատճառով Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել։ 

Նրա խոսքով՝ ԶԼՄ-ներում շրջանառվում է տեղեկատվություն առ այն, որ Սմոլենկովը կարող է գտնվել ԱՄՆ-ում, ուստի Մոսկվան Վաշինգտոնից անմիջապես տվյալներ է խնդրել ռուսաստանցու գտնվելու վայրի վերաբերյալ: Մասնավորապես հայտնի է, որ Ռուսաստանը իր հարցումը անմիջապես ուղարկել է Ինտերպոլ։

«Այս նյութերը պահանջում են ստուգում` համապատասխան դատավարական ընթացակարգերի, նորմերի շրջանակներում»,- հավելել է Զապարովան։

Զախարովան նաև «դասական քարոզչություն» է անվանել հրապարակումներն այն մասին, որ Սմոլենկովն աշխատել է ԿՀՎ-ում: Նրա կարծիքով՝ դա կապված է ԱՄՆ-ում նախընտրական արշավի հետ։

Նա նաև կարծիք է հայտնել, որ CNN հեռուստաալիքը, որն առաջինն էր հայտնել Կրեմլում ենթադրյալ  լրտեսի մասին, «փորձել է վնասել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, բայց արդյունքում այդ հարվածը Բարաք Օբամային է բաժին հասել։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Օլեգ Սմոլենկովը, որի անունն ամերիկյան լրատվամիջոցներում շրջանառվում է ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում ծագող նոր լրտեսական սկանդալի շրջանակներում, իսկապես աշխատել է ՌԴ նախագահի վարչակազմում, սակայն բարձր պաշտոն չի զբաղեցրել:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Սմոլենկովը ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության գործակալ է եղել, Պեսկովն ասել է. «Ոչ, չեմ կարող դա հաստատել, քանի որ չգիտեմ՝ նա գործակալ եղել է, թե ոչ»: