Իմ դեմ հարուցվել է շինծու քրեական գործ, որով փորձում են լռեցնել քաղաքապետարանի դեմ ակցիայի մասնակիցներին. Սոնա Աղեկյան (տեսանյութ)
«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնող թիմի ղեկավար Սոնա Աղեկյանը այսօր մամուլի ասուլիսին ահազանգեց, որ իր դեմ հարուցվել է շինծու քրեական գործ, որի նպատակը քաղաքապետարանի դեմ ակցիա անողներին լռեցնելն է:
«Ոստիկանությունը կառավարվում է բռնակալական համակարգի և մեկ անձի կողմից հրամաններ ստանալու միջոցով»,-ասաց նա և նշեց, որ իր դեմ քրեական գործի պատճառն այն է, որ երբ ակցիայի շրջանակներում աղբ են տարել և լցրել են քաղաքապետարանի մուտքի առաջ, դրանով քաղաքապետարանի աշխատանքը 15 րոպեով խաթարվել է: Նա, հակադարձելով քաղաքապետարանի այս փաստարկին, հիշեցրեց՝ քաղաքապետարանը ունի 3 մուտք:
Սոնա Աղեկյանը հայտնեց, որ սպառնում են իրեն սպանել: «Ոստիկանության կենտրոնական բաժնում էի գտնվում և արդեն վերադառնում էի, որ նստեցի մեքենա, նկատեցի մի անձնավորության, ով հանդիսանում է Կենտրոնական ոստիկանության բաժանմունքի հետևում գտնվող աղբակույտի բնակիչ, հանդիսանում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության աշխատակից, այս անձը հեռախոսով մոտեցավ մեր մեքենային և սկսեց նկարել մեքենան` տարբեր ուղղություններից, ինձ: Ես լսեցի նրա հեռախոսազանգը, ինչը բառացի կրկնում եմ`«երկու կոպեկի հարց է ընդամենը, քաղաքապետարանի զիբիլը նկարողը բռիս մեջ է, անձամբ իմ ձեռքերով պատրաստ եմ սպանել, երկու կոպեկի հարցը լուծել»»,-պատմեց նա:
Սոնա Աղեկյան ասաց, որ տեսաձայնագրել է, որ անձը չի հերքում՝ պատրաստ է սպանել իրեն երկու կոպեկի դիմաց:
«Քաղաքապետարանը գեղեցիկ հաշվետվություններ, շոուներ է ներկայացնում, մեծարման երեկոներ, սրա-նրա կենացն են խմում, ում մերժել էին, խոնարհվում են մինչև ոտքերը, բայց երևանյան խնդիրների լուծումը ձախողում է և որևէ խնդիր չեն էլ փորձում լուծել»,-ասաց նա և նշեց, որ առկա է քաղաքական կամքի բացակայություն:
Ըստ նրա`երևանյան խնդիրների պատասխանատուն ոչ թե Հայկ Մարությանն է, այլ իր բնութագրմամբ` բռնակալը, այսինքն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա թվարկեց այն խնդիրները, որոնք մինչ այս չեն լուծվել՝ խաղահրապարակների կառուցում, պոլիկլինիկաների բարելավում, վերելակների հարց, կանաչապատում, հանրային տրանսպորտի խնդիր:
Սոնա Աղեկյանը նշեց, որ քաղաքապետը ցանկանում է իրեն ֆինանսապես ճնշել, որպեսզի լռեցնի, սակայն չի կարող. «Քանի որ շարժական և անշարժ գույք չունեմ, որի վրա հնարավոր լինի բռնագանձումը տարածել, երեկ հասկացա, որ Հարկադիր կատարման ծառայությունը պետք է գույքագրում կատարի՝ երեխաներիս ու մայրիկիս հագուստը գա, գնահատի, որ փոխհատուցեն Հայկ Մարությանի արժանապատվության երկու միլիոն դրամը»,-ասաց նա:
Նա նշեց, որ սկսում են Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց:










