Թրամփը հերքել է Պոմպեոյին ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակելու մասին լուրերը

10:14 • 13.09.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն չի փոխարինի Ջոն Բոլթոնին ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում, գրում է Reuters-ը:

Թրամփի խոսքով՝ Պոմպեոն ինքն այն կարծիքին է, որ այդ պաշտոնը պետք է մեկ այլ անձ զբաղեցնի:

Այնուամենայնիվ, ԱՄՆ ղեկավարը չի հստակեցրել, թե արդյոք խոսքը Պոմպեոյի՝ Սպիտակ տուն տեղափոխվելու, թե պաշտոնները համատեղելու մասին է:

Թրամփը նաև նշել է, որ խորհրդականի թափուր պաշտոնի համար 15 թեկնածու կա, որոնցից յուրաքանչյուրն էլ կցանկանար զբաղեցնել նշված պաշտոնը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրեր առաջ հայտարարել էր, որ աշխատանքից հեռացրել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին:

«Անցյալ գիշեր տեղեկացրել եմ Բոլթոնին, որ իր ծառայությունների կարիքը Սպիտակ տունն այլևս չունի: Ես կտրականապես համաձայն չեմ նրա առաջարկներից շատերի հետ, ինչպես և վարչակազմի այլ աշխատակիցներ նույնպես: Այդպիսով՝ խնդրել եմ Ջոնին հրաժարական տալ, ինչը նա արել է այսօր առավոտյան: Ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականին կնշանակեմ հաջորդ շաբաթ»,- գրել էր Սպիտակ տան ղեկավարը: