Չեմ կարծում, որ Բոլթոնի հրաժարականն անդրադառնա Հայաստանի նկատմամբ տարվող քաղաքականության վրա. Սուրեն Սարգսյան
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը չի կարծում, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հրաժարականը որևէ կերպ կանդրադառնա Հայաստանի նկատմամբ տարվող քաղաքականության վրա: Այս մասին նա ասաց Tert.am-ի հետ զրույցում:
«Այո՛, Բոլթոնը ազդեցիկ քաղաքական գործիչ էր, զբաղեցնում էր բավականին ազդեցիկ պաշտոն. բացի նրանից, որ նախագահի խորհրդական էր, ղեկավարում էր Անվտանգության խորհուրդը, նա նաև ինքնուրույն գործիչ էր՝ ինքնուրույն քաղաքական գիծ ունեցող և առաջ էր տանում իր քաղաքական գիծը, ինչը շատ հաճախ կարող էր չհամընկնել ԱՄՆ-ի նախագահի քաղաքական գծի հետ: Սրանով էլ պայմանավորված էր հրաժարականը, որը հաջորդեց Բոլթոնի մի քանի ամիս պաշտոնավարմանը»,-ասաց Սարգսյանը:
Վերհիշելով Ջոն Բոլթոնի հայաստանյան այցը՝ Ս. Սարգսյանն ընդգծեց՝ այդ հանդիպումն ուսումնասիրելու նպատակ ուներ, քանի որ տարածաշրջանում ԱՄՆ-ի համար թիվ մեկ թիրախն ու խնդիրը շարունակում է մնալ Իրանի Իսլամական Հանրապետությունը:
Ինչ վերաբերում է Բոլթոնի՝ Հայաստանին արված ամերիկյան սպառազինություն ձեռք բերելու առաջարկին, Սարգսյանն ասաց, որ ճիշտ է՝ առաջարկն արվել էր, սակայն առաջարկին չի հետևել որևէ կոնկրետ գործողություն. «Դրա մասին հայտարարել էր նաև ՀՀ պաշտպանության նախարարը: Կարծում եմ՝ այս առաջարկն ավելի շատ մեր իրավիճակը ճշտելու կամ, ռուսերեն ասած, «пробный шар» էր, որ հասկանան՝ ինչ արձագանքներ կհետևեն դրան թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, թե՛ հայկական լոբբիստական կառույցների կողմից: Այնպես որ, դա ընդամենը քայլ էր՝ ուսումնասիրելու իրավիճակը»:
Հարցին՝ իր կանխատեսմամբ՝ ո՞վ է հավակնում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնին, Սարգսյանը պատասխանեց՝ չի ցանկանում կանխատեսումներ անել, սակայն շուրջ 10 թեկնածուի անուն արդեն իսկ շրջանառվում է. «Այնպես որ, պետք է սպասել ու տեսնել՝ ինչ տարբերակներ են քննարկվում, ինչ տարբերակներ են առաջարկվում»:
Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացրել էր Ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին: Այս մասին Թրամփը գրել էր «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Երեկ երեկոյան ես Ջոն Բոլթոնին հայտնել եմ, որ իր ծառայությունները Սպիտակ տանն այլևս անհրաժեշտ չեն: Ես կտրականապես համաձայն չեմ նրա մի շարք առաջարկների հետ: Այդ պատճառով ես խնդրեցի նրան հրաժարական ներկայացնել, ինչն էլ նա արել է այսօր առավոտյան»,- գրել էր Թրամփը: ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ առաջիկայում կհայտարարի Ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի անունը:










