Արմավիրի մարզի Այգեկ գյուղի դպրոցի տնօրենը հերքում է իր մեղավորությունը

21:53 • 13.09.19

Այսօր ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ հիման վրա վարչության ծառայողների և ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկված միջոցառումներով բացահայտվել էր Արմավիրի մարզի դպրոցներից մեկում տեղի ունեցած կոռուպցիայի դեպքը:

Պարզվել էր, որ Արմավիրի մարզի Այգեկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը 2016թ․ հունվարից 2017թ․ փետրվարը և 2009թ․ հունվարից 2019թ․ մայիսը որպես դպրոցի գիշերային պահակ էր հրամանագրել երկու հոգու, որոնք փաստացի աշխատանքի չէին ներկայացել, իսկ նրանց աշխատավարձի հաշվեհամարին դպրոցի բյուջեից ամեն ամիս փոխանցվել էր 80,025 դրամ։ Արդյունքում` դպրոցի բյուջեից վատնվել էր ընդհանուր շուրջ 10,883,000 դրամ։

Դպրոցի տնօրենը Tert.am-ին նամակ է ուղարկել, որում գրել է, թե առավոտյան` էլեկտրոնային մամուլից է տեղեկացել այն մասին, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնում իր դեմ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

«Հայտնում եմ, որ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: 

1. Դպրոցում չկա 2009 թվականի հունվարից մինչև 2019 թվականի մայիս և 2016 թվականի հունվարից մինչև 2017 թվականի փետրվար աշխատած և ոչ մի պահակ:

2. Պահակների հաշվեհամարին փոխանցված գումարը փաստացի կատարված աշխատանքի դիմաց տրված աշխատավարձն է:

3. Հաղորդման մեջ հարկ չեն համարել պահպանել անգամ անմեղության կանխավարկածի տարրական պահանջը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Այլ կերպ` քրեական հետապնդման մարմինների այն պնդումը, որ այս պահի դրությամբ հաստատվել է դպրոցի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու հանգամանքը, ոչ այլ ինչ է, եթե ոչ անհիմն, չփաստարկված և անմեղության կանխավարկածի սկզբունքը կոպտորեն խախտող տեղեկատվություն:

Հուսով եմ, որ օբյեկտիվ նախաքննության արդյունքում հիմնավորապես կհերքվի այդ հաղորդմամբ փոխանցվող տեղեկատվությունը»: