Մեծ Բրիտանիան Brexit-ից առաջ շամպայնով է «պահեստավորվել»

11:41 • 13.09.19

Ֆրանսիական շամպայն արտադրողները մեծացրել են իրենց արտադրանքի մատակարարումները Մեծ Բրիտանիա, որպեսզի բավարարեն առնվազն մեկ տարվա պահանջարկն ու խուսափեն Սուրբ Ծննդի համար խմիչքի պակասից, եթե երկիրը հոկտեմբերի 31-ին առանց գործարքի դուրս գա ԵՄ-ից, հաղորդում է Sky News-ը:

Աղբյուրը գրում է, որ որքան դժվարությունների էլ բախվի Մեծ Բրիտանիան ԵՄ-ից առանց համաձայնագրի դուրս գալու դեպքում, առնվազն կարող է վստահ լինել, որ շամպայնի կարիք չի ունենա:

Չի հստակեցվում, թե կոնկրետ քանի շիշ է պահեստավորվել Միացյալ Թագավորությունում։ Ֆրանսիայի Շամպայն արտադրողների CIVC ընկերության ներկայացուցիչ Տիբո Լե Մեյուի խոսքով՝ իրականացված մատակարարումները թույլ կտան խուսափել շամպայնի հնարավոր պակասից:

Ֆրանսիայում շամպայն արտադրող մեկ այլ՝ Tattinger ընկերության նախագահի խոսքով՝ անգլիացիներն ավելի քան 300 տարի է՝ շամպայնի սիրահարներ են և անկախ Brexit-ից՝ շարունակելու են սիրել:

Մեծ Բրիտանիան շամպայնի խոշորագույն ներմուծողն է՝ 17 տոկոսով գերազանցելով ԱՄՆ-ին։ 2018 թվականին Մեծ Բրիտանիան ներմուծել է 26,8 մլն շիշ շամպայն: