Ֆրանկֆուրտից Կանկուն թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել թափված սուրճի պատճառով
Airbus A330-243 ինքնաթիռը, որն իրականացնում էր Ֆրանկֆուրտ-Կանկուն չվերթը, արտակարգ վայրէջք է կատարել Իռլանդիայի Շանոն քաղաքում: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել է BBC-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ արտակարգ վայրէջքի պատճառն այն է եղել, որ թռիչքի ժամանակ օդաչուն սուրճը լցրել է կառավարման վահանակի վրա:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այս տարվա փետրվարի 6-ին, բայց դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա: Օդանավի հրամանատարը տաք սուրճով բաժակը դրել է ծալովի սեղանին, այնուհետև պատահաբար այն թափել է կառավարման վահանակին: Սարքավորումը տաքությունից սկսել է հալվել, որի պատճառով վահանակը մասամբ խափանվել է, և առաջացել է կապի խնդիր:
Այն բանից հետո, երբ օդաչուի խցիկում ծուխ է բարձրացել, որոշվել է արտակարգ վայրէջքի գնալ: Վայրէջքն իրականացվել է նորմալ, պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Նշվում է, որ ավիաընկերությունը, որի անունը չի հրապարակվում, միջադեպից հետո որոշում է կայացրել սուրճը մատուցել փակ բաժակներով:










