Պրահայի իշխանությունները մարշալ Կոնևի հուշարձանը թանգարան տեղափոխելու որոշում են կայացրել. Չեխիայի նախագահը դա խայտառակություն է որակել

04:58 • 13.09.19

Պրահա-6 շրջանի իշխանությունները որոշել են խորհրդային մարշալ Իվան Կոնևի հուշարձանը փողոցից տեղափոխել թանգարան: Այդ մասին հաղորդում է Газета-ն՝ վկայակոչելով շրջանի ղեկավար Օնդրժեյ Կոլարժի հայտարարությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նա նշել է, որ որոշումը կայացվել է խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են շրջխորհի բոլոր անդամները: Նրա խոսքով՝ հուշարձանի ճակատագրի վերաբերյալ բանավեճը տևել է մոտ վեց ժամ:

«Արդյունքում ձայների մեծամասնությամբ որոշվեց մարշալ Կոնևի հուշարձանը տեղափոխել իրեն արժանի վայր»,- ասել է Կոլարժը:

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Պրահա-6 շրջանի՝ Կոնևի հուշարձանը տեղափոխելու որոշումը խայտառակություն է որակել՝ նշելով, որ այն խորհրդանշում է սովետական հերոսներին, որոնք ազատագրել են Պրահան:

Նշվում է, որ 2017 թվականին և այս տարվա օգոստոսին վանդալները պղծել էին մարշալ Իվան Կոնևի հուշարձանը: Նրանք կարմիր ներկ էին լցրել հուշարձանի վրա և այն ծածկել պաստառով: