ԱՄՆ-ը լրացուցիչ 4 մլն դոլար կհատկացնի Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորկի հետևանքները վերացնելու նպատակով

04:14 • 13.09.19

ԱՄՆ-ը լրացուցիչ 4 մլն դոլար կհատկացնի Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորկի հետևանքները վերացնելու նպատակով: Այսպիսով, Միացյալ Նահանգների տրամադրած ֆինանսական միջոցները կգերազանցեն 10 մլն դոլարը: Այդ մասին Коммерсант-ի փոխանցմամբ՝ հայտնել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID):

Աղբյուրի հաղորդմամբ՝ լրացուցիչ ֆինանսավորումը կուղղվի բնակիչներին բնակարանով ապահովելուն, ինչպես նաև առողջապահական, հոգեբանական խնդիրների լուծմանը, ինչպես նաև ջրամատակարարման վերականգնմանը: USAID-ն Բահամյան կղզիներ է ուղարկել նաև Աղետների արձագանքման խումբ, որում ընդգրկված է ավելի քան 100 մասնագետ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին «Դորիան» փոթորիկը հարվածել էր Բահամյան արշիպելագի հյուսիսային Աբակո կղզու ափերին: Փոթորկի հետևանքով վնասվել կամ ավերվել էր մոտ 13 հազար շինություն: Մեծ Բահամա կղզին, որտեղ ապրում է մոտ 50 հազար մարդ, հեղեղվել էր մոտ 70% -ով: