«Դադարեցրե՛ք հալածանքները». Եվրոպական խորհրդարանի պատգամավորները դիմել են Թուրքիայի նախագահ Էրդողանին

15:04 • 14.09.19

Եվրոպական խորհրդարանի 46 պատգամավոր սեպտեմբերի 13-ին բաց նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կոչ անելով դադարեցնել հալածանքներն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նկատմամբ, հաղորդում է bianet.org-ը:

Բաց նամակում, մասնավորապես, անդրադարձ է կատարվում Թուրքիայում բողոքի ալիք բարձրացրած Դիարբեքիրի, Մարդինի և Վանի ընտրված քաղաքապետերին պաշտոնազուրկ անելու և նրանց փոխարեն իշխանության կողմից պաշտոնակատարներ նշանակելու հարցին:

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները նաև անընդունելի են համարել տարիներ առաջ «Թվիթեր»-ում կատարած հրապարակումների համար Ժողովրդահանրապետական կուսակցության կին անդամ Ջանան Քաֆթանջըօղլուի նկատմամբ օրերս կայացված 10 տարի ազատազրկման որոշումը:

Բաց նամակում, անդրադառնալով Թուրքիայում ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ «ահաբեկչության քարոզ իրականացնելու կամ օժանդակելու» մեղադրանքներ ներկայացնելու տեխնոլոգիային, դա որակել են որպես հալածանք («ռեպրեսիա») և նշել, որ առանց կոնկրետ ապացույցների նման մեղադրանք առաջադրելն այդ մեղադրանքները դարձնում են կեղծ: