«Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային ֆորումի վրա ծախսվել է 1 մլն դրամ, կյանքի է կոչվել 3 ներդրումային ծրագիր

15:34 • 14.09.19

Իշխանության տնտեսական հեղափոխության շրջանակում մեկնարկեց մարզային ներդրումային ֆորումների շարքը: Tert.am-ը փորձում է հասկանալ այս ծրագրի արդյունավետությունը:

Այս անգամ Tert.am-ը ներկայացնում է «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի արդյունքները։ Tert.am-ի գրավոր հարցման ի պատասխան՝ Արարատի մարզպետարանից տեղեկացրին, որ համաժողովին և տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին մասնակցել են շուրջ 300 գործարարներ, ներդրողներ, պատվիրակության անդամներ։

Ըստ մարզպետարանի՝ համաժողովի ընթացքում ներկայացվել է 10 խոշոր  ներդրումային ծրագրեր, որոնցից մի քանիսն արդեն գտնվում են իրականացման փուլում: Արդեն իսկ սկսվել է կյանքի կոչվել 3 ծրագիր։

Գյուղատնտեսական շուկայի կառուցում

Երևան-Արտաշատ մայրուղու հարակից տարածքում գործարարի կողմից կառուցվում է 11 հեկտար մակերեսով գյուղմթերքի մանրամեծածախ շուկա։ Ինչպես «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես-համաժողովի ժամանակ էր ներկայացվել, արդեն մեկնարկել են կառուցման աշխատանքները: Գյուղացիական տնտեսությունների և անհատ գյուղացիների համար ստեղծվում է բերքի իրացման առավել դյուրին և արդյունավետ միջավայր։ Ծրագրով նախատեսվում են կառուցել գյուղմթերքի համար նախատեսված տաղավարներ, ավտոկայանատեղի, մրգի սառնարաններ, պահեստներ, ճաշարաններ, սանհանգույցներ, խանութներ, ինչպես նաև հյուրատուն։

Ներդրողը պարտավորվում է առաջին մեկ տարում գյուղացիական տնտեսություններին տաղավարները տրամադրել անվճար։

Շուկան, գտնվելով «Հյուսիս-հարավ» միջպետական մայրուղու հարակից տարածքում, բարենպաստ պայմաններ կստեղծի ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի բնակիչների գյուղմթերքի իրացման և գնումներ կատարելու համար։

Նախատեսվում է շուկան շահագործման հանձնել մինչև տարեվերջ։

Ինտենսիվ այգիների հիմնում

Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքում գործարարի կողմից սկսվել է խաղողի այգիների տնկումն ու դրան կից գինու-կոնյակի գործարանի կառուցումը: Կարտադրվեն հայկական խաղողի մաքրասորտ գինիներ և զուտ հայկական խաղողի սպիրտից ստացվող կոնյակներ, որոնք կիրացվեն թե՛ Հայաստանում և թե՛ արտասահմանյան երկրներում, ընդ որում, գինու շշերի վրա կնշվեն նաև տեղանքի և սորտի անունները: Կառույցն ամբողջությամբ կծառայի նաև որպես գիտաուսումնական բազա, քանի որ այստեղ կիրառվելու են հողամշակության, ոռոգման և գինեգործության ամենաառաջավոր տեխնոլոգիաներ: Ներկայումս ծրագրի շրջանակներում ամեն օր միջին հաշվով աշխատում է 15 մարդ, իսկ գինու-կոնյակի գործարանի կառուցումից հետո մշտական աշխատատեղերի թիվը կհասնի 50-60-ի:

Սոյայի աճեցման ծրագիր

Մարզում սոյայի աճեցման ներդրումային ծրագիր կա: Ներդրողի կողմից վարձակալվել է 115 հա հողատարածք, մեկնարկել են հողի նախապատրաստման և բարեկարգման աշխատանքները: Ըստ ծրագրի՝ սոյայի աճեցման համար գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի սերմացու և պարարտանյութ, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն, իսկ ստացված բերքը կընդունվի վերամշակման: Ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում են կառուցել վերամշակման գործարաններ, ինչը կնպաստի նաև աշխատատեղերի ստեղծմանը: 

Հիշեցնեք, որ Tert.am-ն արդեն իսկ պարզել էր, որ միջոցառման կազմակերպման համար պետական բյուջեից տրամադրվել է 1 մլն դրամ։

Նշենք, որ մինչ այս Tert.am-ն արդեն իսկ գրել էր, որ «Իմ քայլն հանուն Սյունիք մարզի» ներդրումային ֆորումից հետո կնքվել է 6 հուշագիր և 1 պայմանագիր, որոնց կատարման ուղղությամբ աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են։

Իսկ «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային ֆորումից հետո կյանքի է կոչվել ընդամենը 1 ծրագիր՝ ստեղծվել է ոչխարաբուծական ֆերմա։