Բիզնես հանրույթը և կառավարությունը պետք է միասին օգտակար լինեն Սևանի զարգացմանը. վարչապետը մասնակցում է Սևանում անցկացվող ձկան փառատոնին (տեսանյութ)

15:12 • 14.09.19

Այսօրվա տվյալներով Սևանի մակարդակը ավելացել է 1 սմ-ով: Այս մասին այսօր Սևանում անցկացվող Ձկան փառատոնի ժամանակ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց, որ անցյալ տարվա համեմատ Սևանի մակարդակը 3 սմ-ով  բարձրացել է:

Վարչապետի խոսքով՝ փառատոնային մշակույթի զարգացումը շատ ուրախալի է և երկրում տրամադրությունը փոխում է:

«Մենք իսկապես պետք է մեր երկրի առօրյան ավելի ուրախ և էներգիայով լի կազմակերպելու առիթները բաց չթողնենք»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ նման միջոցառումները մեծ դեր ունեն երկրի զարգացման մեջ:

Փաշինյանի խոսքով՝ բիզնես հանրույթը և կառավարությունը պետք է միասին այնպես գործեն, որ օգտակար լինեն Սևանի զարգացման համար և դա պետք է անեն այնպես, որ ոչ թե հակադրություններ առաջանան բիզնեսի և կառավարության միջև, այլ ամենն անեն համագործակցության ոգով: