Բելգիայի արտաքին գործերի նախարարը կասկածվում է կոռուպցիայի համար
Բելգիայի դատախազությունը հետաքննություն է իրականացնում ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակցի դիմումի հիման վրա. ինքնությունը չբացահայտած անձը երկրի ազդեցիկ քաղաքական գործիչ Դիդյե Ռեյնդերսին մեղադրել է կոռուպցիայի համար, գրում է L'Echo-ն:
Դիդյե Ռեյնդերսը զբաղեցնում է երկրի փոխվարչապետի, արտաքին գործերի նախարարի պաշտոնը, ինչպես նաև հանդիսանում է պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար և Եվրահանձնաժողովում արդարադատության հարցերով հանձնակատարի թեկնածու:
Ըստ տեղեկատվության` դեռևս ապրիլ ամսին Բելգիայի Ազգային անվտանգության ծառայության ոմն նախկին աշխատակից դիմել է դաշնային ոստիկանություն` փոխվարչապետի դեմ կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքով:
Աղբյուրը նաև տեղեկացրել է Կինշասայում բելգիական դեսպանատան կառուցման համար անհրաժեշտ պետական գնումների գործընթացում թույլ տրված խախտումների, կաշառքի և փողերի լվացման դեպքերի մասին: Հաղորդման մեջ նաև հիշատակվում է անշարժ գույքի ձեռքբերման կասկածելի գործարքների և գոյություն չունեցող ընկերությունների անվան գործածման դեպքերի մասին:
Նախնական քննության ավարտից հետո դատախազությունը պետք է որոշում կայացնի` Ռեյնդերսի դեմ մեղադրանքներն արդյոք բավարար են գործը գլխավոր դատախազություն հանձնելու համար` հաշվի առնելով նրա զբաղեցրած պաշտոնը, հայտնում է RTBF-ը:
Ինքը` նախարարը, զարմանք է արտահայտել տվյալ տեղեկատվության հետ կապված` հայտարարելով, որ որևէ հետաքննության մասին տեղեկատվություն չունի: Նախարարի ներկայացուցիչները նշել են, որ նախարարի դեմ «գրոհը» ուղղորդված բնույթ ունի և վերջինիս հեղինակությունը վնասելու նպատակ է հետապնդում:










