Ուժը կորցրած ճանաչել «Լիդիանի» ՇՄԱԳ-ը, դուրս բերել Ամուլսարի տարածքի շինտեխնիկան. Երևանում ցուցարարները ներկայացրին իրենց պահանջները (տեսանյութ)
20։07
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներն Ազատության հրապարակում ներկայացրին իրենց պահանջները։ Դրանք են՝
- անմիջապես փոխել Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի ողջ տրամաբանությունը, որն ինքնին կեղծ է և ոչ ամբողջական
- Դադարեցնել ժողովրդական պահանջի անտեսումը
- Ուժը կորցրած ճանաչել «Լիդիան» ընկերության ՇՄԱԳ-ը
- Ուսումնասիրել նախորդ իշխանությունների օրոք տրված կասկածելի թույլտվության մանրամասները, բացահայտել այս գործով բոլոր հանցանքներն ու կոռուպցիոն դեպքերը
- Պահանջել «Լիդիան» ընկերությունից դուրս բերել Ամուլսարի տարածքում մնացած շինտեխնիկան և վերականգնել լեռանն արդեն հասցված վնասները:
18։38
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը մայրաքաղաքում միաժամանակ մի քանի ուղղություններով քայլերթ է նախաձեռնել ի պաշտպանություն Ամուլսարի:
Երթին Ջերմուկից ավտոշարասյունով միացել են նաև Ջերմուկի բնակիչներն ու Ամուլսարի պահակակետերում հերթապահություն իրականացնողները:
Միաժամանակ քայլերթ է իրականացվում երեք ուղղությամբ՝ Տիգրան Մեծ փողոցից Հանրապետության հրապարակ-Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա-Ազատության հրապարակ:
Հաջորդ ուղղությունը՝ Բաղրամյան մետրոյի հարակից տարածք-Բաղրամյան փողոց-Ֆրանսիական հրապարակ-Սայաթ-Նովա փողոց -Ազատության հրապարակ:
Երթուղի երրորդ՝ քաղաքապետարանի հարակից տարածք-Գ.Լուսավորիչ փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ:
Այսօր Երևանում նախատեսված երթը կեզրափակվի Ազատության հրապարակում:










