Ղազախստանում գնացքը բախվել է երկաթուղային գիծ դուրս եկած ավտոբուսին (տեսանյութ)

21:34 • 15.09.19

Ղազախստանի Ալմա-Աթիի շրջանի Շամալգան կայարանում ավտոբուսի վարորդը դուրս է եկել երկաթուղային գծի տարածք, որտեղ բախում է տեղի ունեցել գնացքի հետ: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի ենթակառուցվածքների զարգացման նախարարության մամլո ծառայությանը:

Ինչպես հաղորդվում է, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին` տեղի ժամանակով 19:20-ին (երևանյան 17:20)` Եկատերինբուրգ-Ալմա-Աթա ավտոճանապարհին: Ավտոբուսի վարորդն անտեսելով ազդանշանները` դուրս է եկել երկաթուղային գիծ, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել բախումը:

Երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը տեղեկացրել է, որ վերջին տվյալների համաձայն՝ մեկ մարդ մահացել է, կան տուժածներ: Ավտոբուսում 67 մարդ է եղել: Նշվում է, որ մահացածն ավտոբուսի վարորդն է: