Շումախերը բուժման կուրս է անցել Փարիզում և հեռացել Ֆրանսիայից
«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերն այս շաբաթ բուժման կուրս է անցել Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոցում, որից հետո հեռացել է բուժհաստատությունից: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրներին, այս մասին հայտնել է մարզիկի բուժմանը հետևող մասնագետը:
«Շումախերին Փարիզ են բերել սեպտեմբերի 9-ին: Երեքշաբթի նա նախատեսված բուժումներ է ստացել, իսկ չորեքշաբթի գիշեր լույս հինգշաբթի նրան տարել են Ֆրանսիայից»,- ասել է մասնագետը՝ հավելելով, որ դեռևս գաղտնի է պահվում, թե ինչ բուժում է ստանում աշխարհահռչակ ավտոմրցարշավորդը:
Նրա խոսքով՝ հայտնի է միայն, որ մարզիկին արյուն են փոխներարկել և որոշ փորձարարական մեթոդներ են կիրառում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շումախերի գիտակցությունը վերականգնվել է:
Միխայել Շումախերը գանգուղեղային լուրջ վնասվածք է ստացել 2013 թվականին ֆրանսիական Մերիբել հանգստավայրում` դահուկասահքի ժամանակ:










