Ջոնսոնի գրասենյակը չի հստակեցրել, թե ինչպես է վարչապետը Brexit-ը իրականացնելու առանց համաձայնության

22:10 • 16.09.19

Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է հստակեցնել, թե ինչպես է Բորիս Ջոնսոնը առանց համաձայնագրի պատրաստվում երկիրը ԵՄ-ից դուրս բերել հոկտեմբերի 31-ին և միաժամանակ պահպանել օրենքը, որն արգելում է նրան դա անել, գրում է ria.ru-ն։

«Վարչապետի դիրքորոշումն այսպիսին է․ մենք ենթարկվում ենք օրենքին, սակայն ԵՄ-ից դուրս ենք գալիս հոկտեմբերի 31-ին՝ համաձայնագրի առկայությամբ, թե առանց դրա»,- երկուշաբթի լրագրողներին հայտնել է վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը և հավելել, որ այլ մանրամասներ չի պատրաստվում հաղորդել, միայն ցանկաում է ի լուր ամենքի հայտարարել, որ կառավարությունը ենթարկվում է օրենքին։

Ներկա պահին Brexit-ի շուրջ ստեղծված իրավիճակը փակուղի է մտել. երկրի խորհրդարանը դեմ է ԵՄ-ի հետ համաձայնագրին՝ դրա ներկայիս տեսքով, սակայն, միևնույն ժամանակ, կտրականապես դեմ է առանց համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալու տարբերակին: ԵՄ-ն, իր հերթին, հրաժարվում է վերականգնել բանակցությունները և վերանայել համաձայնագիրը:

Վարչապետ Ջոնսոնը հավաստիացնում է, որ Մեծ Բրիտանիան հոկտեմբերի 31-ին դուրս կգա ԵՄ-ից՝ համաձայնագրի առկայությամբ, թե առանց դրա: Հոկտեմբերի 17-18-ը տեղի կունենա Եվրոպական խորհրդի նիստը, որը, ըստ էության, հանդիսանալու է Միացյալ Թագավորության և ԵՄ-ի` մինչև Brexit-ի վերջնաժամկետը որևէ պայմանավորվածություն ձեռք բերելու վերջին հնարավորությունը: