Nissan-ի ղեկավարը պաշտոնանկ է արվել

11:05 • 16.09.19

Ճապոնական Nissan Motor ավտոմոբիլային կորպորացիայի ղեկավար և գործադիր տնօրեն Հիրոտո Սաիկավան լքել է պաշտոնը: Նրան փոխարինող կնշանակվի հոկտեմբերի վերջին, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով «Կիոդո» գործակալությանը:

Սաիկավայի՝ պաշտոնից հեռանալը կապում են վերջինիս ստացած պարգևավճարների մեծ չափերի, ինչպես նաև ընկերության շահութաբերությունը հավասարեցնելու անհրաժեշտության և ֆրանսիական Renault ընկերության հետ գործընկերային հարաբերությունների բարելավման ջանքերի հետ:

Ընկերության ներսում անցկացված հետաքննության արդյունքները ցույց են տվել, որ Սաիկավան պարգևավճարի տեսքով չհիմնավորված 47 միլիոն իեն է ստացել (մոտավորապես 434 հազար ԱՄՆ դոլար), ինչի հետ էլ կապում են նրա պաշտոնանկությունը:

Սաիկավային ժամանակավորապես փոխարինել է Nissan-ի և Renault-ի տնօրենների խորհրդի անդամ 63-ամյա Յասուհիրո Յամաուտին:

Հարկ է հիշեցնել, որ Nissan-ում խնդիրները սկսվել են դեռևս 2018 թվականին` ընկերության նախկին ղեկավար Կառլոս Գոնի ձերբակալության հետևանքով: Վերջինս մեղադրվում էր ֆինանսական խարդախությունների և հարկերից խուսափելու համար: Գոնն այժմ գտնվում է տնային կալանքի մեջ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Կառլոս Գոնի ֆինանսական խախտումներն ընկերությանը 35 միլիարդ իենի (327 միլիոն ԱՄՆ դոլար) վնաս են հասցրել: