Ռուսաստանում «Ռոսգվարդիա»-ի աշխատակիցը սպանվել է ծխելու համար նկատողության պատճառով

17:45 • 16.09.19

Ռուսաստանի Յուժնո-Սախալինսկ քաղաքում «Ռոսգվարդիա» դաշնային ծառայության աշխատակից է սպանվել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով գերատեսչության մարզային կառույցի մամուլի քարտուղար Ելենա Տարատուտինայի հայտարարությանը:

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան:

«Մեր կառույցի 23-ամյա աշխատակիցը ոչ աշխատանքային ժամի քաղաքացիական հագուստով նկատողություն է արել հասարակական վայրում ծխող տղամարդուն: Արդյունքում ծեծկռտուք է առաջացել, որի ընթացքում երիտասարդը դանակի մահացու հարվածներ է ստացել»,-ասել է գերատեսչության աշխատակիցը:

Երիտասարդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

Ըստ Քննչական կոմիտեի մարզային կառույցի տվյալների` կասկածյալը 51-ամյա տղամարդ է, որը նախկինում դատվածություն է ունեցել: Իրավապահ մարմիններին հաջողվել է ձերբակալել կասկածյալին. այժմ քննարկվում է խափանման միջոցի ընտրության հարցը:

Հարուցվել է քրեական գործ՝ առողջությանը միտումնավոր կերպով մահացու ծանր վնասվածք հասցնելու մասով: