Պետք է ուշադիր լինել մի վարորդին նույն խախտման համար 5 անգամ չտուգանելու հարցում. «Վարորդի ընկեր» ՀԿ ղեկավարը՝ երթևեկության խախտումները օնլայն ռեժիմով ոստիկանությանը փոխանցելու օրինագծի մասին

14:54 • 16.09.19

Բացասական հետևանքները տեխնիկապես են լինելու, քանի որ վարչական մարմինը պետք է շատ ուշադիր լինի, որովհետև միևնույն հատվածի համար, միևնույն վարորդի նկատմամբ մի իրավախախտումը կարող են մի քանի քաղաքացի արձանագրել, որը, եթե ոստիկանության կողմից պատշաճ ուսումնասիրություն չարվի, կարող է, օրինակ, 5 որոշում կայացվի տվյալ անձի մի արարքի վերաբերյալ, որը անթույլատրելի է: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Վարորդի ընկեր» ՀԿ ղեկավար Տիգրան Քեյանը՝ անդրադառնալով «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի նախագծին:

Նշենք, որ այս օրինագիծն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց այսօր: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ առաջարկած աղմկահարույց նախագծով ցանկացած քաղաքացի հնարավորություն է ստանում տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և օնլայն ռեժիմով` հավելվածի միջոցով փոխանցել ոստիկանությանը:

Նախագծին դեմ էին քվեարկել ԲՀԿ-ական պատգամավորները, ովքեր նախորդ նիստի ժամանակ շատ կոշտ դիրքորոշում էին հայտնել դրա վերաբերյալ՝ այն որակելով որպես  մարդկանց մեջ թշնամանք առաջանող, «բարոյականությունից զուրկ» նախագիծ: Այսօր ԲՀԿ-ականները խորհրդարանի ամբիոնից գործընկերներին հիշեցրին Հայաստանի տարածքում տեղադրված 2000 տեսախցիկի մասին:

Քեյանը նկատեց. «Տեսախցիկները մեծ մասը տեղադրված է խաչմերուկներում, իսկ  խաչմերուկներից դուրս հատվածներում նկարահանում չի իրականացվում, և մենք շատ ենք լսել, որ մի հատվածի խցանումների դեպքում շատ վարորդներ կոպտորեն խախտում են անում, հանդիպակաց են երթևեկում. կան շատ վայրեր, որտեղ մինչև 2-րդ, 3-րդ շարք կայանում են կատարում, որտեղ որ կահավորված չի տեսախցիկներով և հնարավոր չի ֆիզիկապես ամբողջ հանրապետությունը հսկել տեսախցիկներով»:

«Վարորդի ընկեր» ՀԿ-ն առաջարկել է հեղինակներին նախագծում փոփոխություններ անել ու արգելել վարորդներին ընթացքի ժամանակ նկարահանել մյուս վարորդների խախտումները՝ հնարավոր վտանգներից խուսափելու համար: