«Կյանքում կարևորը գումարը չէ». ԱՄՆ-ում երեխային կորցրած հայրը որդու մահից հետո հուզիչ նամակ է գրել (լուսանկարներ)
ԱՄՆ Պորտլենդ քաղաքի բնակիչ Ջեյ Ար Սթորմենթը վերջին 8 տարիներն անցկացրել է աշխատավայրում: Նվիրելով ընկերությանն իր ողջ ժամանակը` Սթորմենթը կարողացել է հաջողակ բիզես հիմնել, ինչը հնարավորություն է տվել բարեկեցիկ կյանք ապահովել նրա ընտանիքի համար: Սակայն տղամարդը հասկացել է, որ կյանքում կարևորը գումարը չէ, գրում է life.ru-ն:
«Ուղիղ 8 տարի առաջ ես ու կինս երկվորյակի ծնողներ դարձանք, իսկ ես դարձա Cloudability հաջողակ ընկերության համահիմնադիրը: Մոտ երեք ամիս առաջ ես դարձա ընկերության լիիրավ սեփականատերը: Երեք շաբաթ առաջ մենք կորցրինք մեր տղաներից մեկին...»,- գրել է Սթորմենթը:

Ջեյ Արն աշխատավայրում խորհրդակցության է եղել, երբ կինը նրան զանգահարել է` սարսափելի նորությունը հայտնելու համար: Ջեյ Արն անմիջապես տուն է շտապել`տան մոտ նկատելով շտապօգնության և ոստիկանության մեքենաներ: Իրավապահ մարմինների կողմից 8-ամյա երեխայի հանկարծակի մահը միշտ որպես հնարավոր սպանության դեպք է դիտարկվում:
«Երկու տանջալից ժամ անցավ, մինչ ինձ թույլ տվեցին տեսնել տղայիս…Երբ մեզ թույլատրեցին սենյակ մտնել, ես անպատմելի հանգստություն զգացի. պառկեցի որդուս կողքին, բռնեցի նրա ձեռքը և անընդհատ կրկնում էի` «ի՞նչ է պատահել, ընկե´րս»,- գրել է երեխայի հայրը:

Պարզվել է` Վայլին մահացել էր դեռևս գիշերը: Առավոտյան մորը թվացել է` որդին ուղղակի քնած է և չի ցանկացել արթնացնել նրան, սակայն հետո, երբ մոտեցել և շոշափել է տղային, հասկացել է, որ որդին մեռած է: Եղբայրը, այդ ամենից անտեղյակ, պառկած է եղել եղել Վայլիի կողքին` տարված իր խաղերով:
Նախորդ տարի Վայլիի մոտ ռոլանդիկ բարորակ էպիլեպսիա էին հայտնաբերել: Երեխայի ծնողների կարծիքով` մահը վրա է հասել էպիլեպսիայի գիշերային նոպայի հետևանքով:
«Բոլոր մանկաբույժներն ու նյարդաբանները, որոնց հետ քննարկել ենք Վայլիի հիվանդությունը, ասել են, որ անհանգստանալու կարիք չկա. էպիլեպսիայով տառապող 4500 երեխաներից մեկն է տառապում այդ համախտանիշով: Մենք էլ մեզ հանգստացնում էինք` հիմնվելով այդ վիճակագրական տվյալների վրա»,- ասել է Սթորմենթը:

Ողբերգությունից մեկ շաբաթ անց մահացած երեխայի ծնողները որոշել են իրենց վշտով կիսվել գործընկերների և ողջ աշխարհի հետ: Մարդկանց ուղղված իրենց բաց նամակներում Ջեսիկան և Ջեյ Արը կոչ են անում վերաարժևորել առաջնահերթությունները և գնահատել ընտանիքի հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեն:
«Մեր վերապրածը մեզ սովորեցրեց հետևյալը` կյանքը շատ փխրուն երևույթ է, իսկ մեզ տրված ժամանակը կարող է չափազանց կարճ լինել»,- հայտնել են նրանք:










