Առողջապահության նախարարն իր անգործությամբ թույլ չի տալիս, որ Մանվել Գրիգորյանի գործով հանձնաժողովը գործն ավարտի. Լևոն Բաղդասարյան (տեսանյութ)

12:50 • 16.09.19

Կառավարության համապատասխանը օղակը Մանվել Գրիգորյանի գործին մոտենում է հանցագործ անտարբերությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի նկատմամբ տևական ժամանակ կիրառվող անօրինությունների ու խոշտանգումների մասին:

Բաղդասարյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունը ակնհայտ անօրինական մոտեցում ունի Մանվել Գրիգորյանի նկատմամբ:

Փաստաբանի խոսքով՝ ամիսներ առաջ, երբ բարձրաձայնվեց, որ Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, առողջապահության նախարարի հրամանով և հսկողության տակ բժիշկները փորձեցին հասկանալ ամբողջ խնդիրը:

«Հանձնաժողով ստեղծվեց, և «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում Գրիգորյանը 2-3 օրվա ընթացքում հետազոտություններ անցավ: Արդյունքում պարզեցին, որ հիվանդությունների վատթարացում է տեղի ունենում»,- պատմեց Լևոն Բաղդասարյանը:

Նա նշեց նաև, որ նույն ստուգումները տեղի ունեցան նաև «Նաիրի» բժշկական կենտրոնում և այնտեղ ևս հաստատեցին, որ վատթարացում կա, բոլոր բացասական հետևանքներով. այդ ընթացքում Գրիգորյանի վիճակը ավելի է բարդացել և նա սկսել է չքայլել:

«Ենթադրում եմ, որ Առողջապահության նախարարությունը մտածել է, որ Գրիգորյանը սիմուլյանտություն է անում՝ բերեցին և տոկի տվեցին ոտքերը: Պարզվեց, որ ոտքերի չաշխատելը հասնում է 70-90%-ի: Այդ բոլոր բժշկական փաստաթղթերի առկայությամբ, մենք որոշեցինք, որպեսզի անմիջապես խափանման կալանավորումը փոխվի: Այդ ժամանակ մեղադրողի կողմից առարկություն ներկայացվեց, ասաց՝ քրեական դատավարություն օրենսգրքի հիման վրա եկեք ձևավորենք միջգերատեսչական հանձնաժողով, թող իրենք որոշեն, թե ինչ աստիճանի է Գրիգորյանի առողջական վիճակը»,-ասաց Բաղդասարյանը:

Պաշտպանի կարծիքով՝ նախարարի կողմից նշանակված հանձնաժողովը լիովին բավարար էր խնդրի լուծման համար, սակայն առաջ քաշած միջնորդությունը դատարանը հեշտորեն ընդունել է. «Ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով: Մեր կողմը հետաքրքրվեց, թե երկա՞ր կտևի գործընթացը, պատասխանեցին՝ «չէ, ի՞նչ եք ասում, արագ կանենք»: Միջգերատեսչական հանձնաժողովը ստեղծելուց հետո Գրիգորյանին տեղափոխեցին իրենց կողմից հանձնարարված բժիշկների մոտ, որտեղ հետազոտություն անցավ»:

Բաղդասարյանի խոսքով՝ ստուգման ժամանակ հաստատեցին, որ Գրիգորյանի վիճակը ավելի է բարդացել. «Արդյունքները մենք փոխանցեցինք անկախ բժիշկներին, որոնք ուղղակի ասացին, որ սա այն դեպքն է, երբ դատապարտյալը պետք է դուրս գա, քանի որ հնարավոր է՝ որոշ ժամանակ հետո նա մահանա»:

Ըստ  Բաղդասարյանի՝ այսքանից հետո միջգերատեսչական հանձնաժողովը որոշեց, որ ևս մի քանի փորձագետ պետք է ներգրավվի, որը կտևեր ևս 2-3 շաբաթ. «Բայց մատը մատին չտվեցին: Սա գտնվում է առողջապահության նախարարի տիրույթում: Վերջինս իր անգործությամբ թույլ չի տալիս, որ հանձնաժողովը աշխատի և գործը ավարտի»:

Նա նշեց նաև, որ 3 գրություն է ուղարկվել առողջապահության նախարարին, որտեղ նշվել է, որ եթե Գրիգորյանի վիճակը ավելի բարդանա, դրա պատասխանատուն կհամարվի ՀՀ կառավարությունը: