Սեուլը սպառնացել է պատժել «Ճապոնական ծով» անվանումը կիրառող պետական պաշտոնյաներին

13:49 • 16.09.19

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը սպառնացել է «պատժել» կառավարական այն կազմակերպություններին, որոնք կորեացիների կողմից գործածության դրված «Արևելյան ծով» անվանման փոխարեն կկիրառեն «Ճապոնական ծով» անվանումը, գրում է РИА Новости-ն` հղում անելով Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Կո Մին Չժոնի` ճեպազրույցի ժամանակ հնչեցրած հայտարարությանը:

Ավելի վաղ հարավկորեական երեք պետական կազմակերպություններ իրենց պաշտոնական կայքերում գործածել են «Ճապոնական ծով» անվանումը:

Հարավային Կորեայի իշխանությունները վաղուց են պայքարում «Ճապոնական ծով» անվանման գործածության դեմ ոչ միայն իրենց երկրում, այլև նրա սահմաններից դուրս: Այսպես, ավելի քան 10 տարի առաջ Մոսկվայում Հարավային Կորեայի դեսպանատունը ԶԼՄ-ների բոլոր ներկայացուցիչներին նամակներ է ուղարկել` կոչ անելով գործածել Կորեական թերակղզու և Ճապոնիայի միջև գտնվող ծովի` Սեուլի կողմից նախընտրելի «ճիշտ» անվանումը: Այնուամենայնիվ, ռուսական քարտեզներում ծովը ավանդաբար նշվում է որպես «Ճապոնական ծով»: