ԱԱԾ-ն ու ՏԿԵՆ-ն մինչ օրս չեն կարողանում պարզել, թե հուլիսի 10-ին էներգետիկ համակարգի խոշոր վթարը եղել է տեխնիկական պատճառներով, թե կան մեղավորներ
Հուլիսի 10-ին էներգետիկ համակարգի խոշոր վթարի պատճառները մինչ օրս հայտնի չեն, թեև վթարից հետո թե՛ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և թե Ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էին, որ մի քանի օրվա ընթացքում վթարի պատճառները կներկայացվեն:
Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից նշել են, թե ՀՀ էներգահամակարգում 2019թ. հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի պատճառների ուսումնասիրման ընթացքում լրացուցիչ մասնագիտական քննություն իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել:
«Ուսումնասիրության ավարտից հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն արդյունքների մասին հանդես կգա հայտարարությամբ»,-նշել են նախարարությունից:
Նշենք, որ երկու պետական գերատեսչություններից էլ տեղեկացրել էին, որ աշխատանքային խումբ է ստեղծվել ՝ պարզելու վթարը եղել է տեխնիկական պատճառներով, թե կան մեղավորներ: ԱԱԾ նախկին տնօրենն ասել էր, որ տասն օրվա ընթացքում կներկայացնեն էներգետիկ համակարգի խոշոր խափանման պատճառների վերաբերյալ նախնական եզրակացությունը, որը մինչ օրս ևս չի ներկայացվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Հայաստանի էներգետիկ համակարգում վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատվել էին: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նշել էր, որ տեղի ունեցածի հստակ պատճառը դեռ հայտնի չէ, փոխնախարարը մի քանի վարկած էր նշել, դրանցից մեկը՝ իրանական համակարգում տեղի ունեցած համաժամանակյա վթարներն են:










