Կան մարդիկ, որ հարակից գյուղում տուն ունեն, բայց նախընտրում են Գյումրիում տնակում ապրել, իսկ ինքնին տնակում բնակվելու փաստը չի նշանակում, որ պետությունն ունի պարտավորություն. Ն. Փաշինյան

15:47 • 16.09.19

Կան մարդիկ, որոնք ստացել են բնակարաններ, հետո ինչ-ինչ պատճառներով վաճառել են ու վերադարձել այդ տնակում ապրելու: Այս մասին Վանաձորում կայացած ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե կառավարությունն ինչ նոր որոշումներ ունի Գյումրիում 2500-ից ավել տնակներում ապրող ընտանիքների հանդեպ պարտավորությունների վերաբերյալ:

«Մենք պետք է հասկանանք, թե այդ տնակներում ապրող մարդիկ ինչու են տնակներում ապրում, որովհետև կան տնակներ, որոնք դատարկ են»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ կան մարդիկ, որոնք հարակից գյուղում տուն ունեն, բայց նախընտրում են Գյումրիում ապրել տնակում, իսկ ինքնին տնակում բնակվելու փաստը չի նշանակում, որ պետությունն ունի պարտավորություն:

«Անշուշտ կան մարդիկ, որոնց նկատմամբ պետության պարտավորվածությունը պետք է արձանագրվեր, բայց չի արձանագրվել: Մենք այդ դեպքերն էլ կգտնենք ու կարձանագրենք: Մենք Գյումրին տնակներից պետք է ազատենք, որովհետև դա խոչընդոտում է քաղաքի տնտեսական զարգացմանը»,- նշեց նա:

Ըստ վարչապետի՝ քարտեզագրումից հետո արդեն կարող են հասկանալ, թե ինչպես պետք է վարվել, որոշումը գուցե նաև հեշտ չլինի:

«Մարդ գնացել է, օրինակ, կազինոյում խաղացել է, ուրիշ քաղաքի ուրիշ տեղում իր տունը, ունեցվածքը պարտվել է, հիմա ապրում է վարձով, տուն չունի, նշանակում է, որ պետությունը պետք է իրեն բնակարանով ապահովի՞: Ոչ, չի նշանակում, քանի որ ամեն մարդ նաև իր ճակատագրի պատասխանատուն է: Իրավական պետությունում յուրաքանչյուր մարդ իր կայացրած որոշման համար պետք է պատասխանատվություն կրի: Եթե բյուջեի գործերը լավ գնան, ինչպես այս տարի, մտածում ենք սոցիալական բնակարանաշինություն սկսելու մասին, բնակարանը որոշակի ժամկետով կտրվի, որ այդ մարդիկ իրենց կյանքը դասավորելու հնարավորություն ունենան»,- նշեց նա:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում զբոսաշրջիկների ծախսած գումարը գնացել է այն մարդկանց, որոնք ջանքով աշխատում են, այլ ոչ թե այն մարդկանց, ովքեր բազմոցին պառկած են: