Մինչև երեկ Արթուր Վանեցյանին գովերգում էին, հիմա նա վիրավորանքի թիրախ է․ ԲՀԿ պատգամավորներ

11:42 • 17.09.19

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները չեն շտապում գնահատական տալ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին։ ԱԺ ճեպազրույցների ժամին նրանք նկատեցին, որ այս իրավիճակը դեռևս պարզաբանման կարիք ունի։

«Ներիշխանական որոշակի պրոցեսներ են: Քաղաքական կամ այլ գնահատական տալու համար պետք է բացված լինեն այն հայտարարությունները, որոնք հնչում են այս երկու օրը։ Առայժմ հայտարարությունների բուն իմաստը բացված չէ, մի քիչ դժվար է տալ գնահատական, քանի որ ներիշխանական գործընթացներ են։ Իհարկե, մենք կարող ենք ենթատեքստեր փնտրել,  բայց կարծում եմ, որ պետք է մի քիչ հստակություն լինի ու նոր հնչի գնահատական»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, նկատեց, որ այս պահին իրենք դեռ ամբողջությամբ չեն տիրապետում տեղեկատվությանը, թե ինչ է տեղի ունեցել։

«Հնչում են ակնարկներ, բայց այդ ակնարկների վրա դատողություն անելը սխալ է։ Այս գործընթացում ինձ զարմացնում է այն, որ հասարակության մեջ դրսևորվեց ցայտուն առճակատում։ Մինչև երեկ հեղափոխական շրջանի ազդեցիկ դեմքերից էր Արթուր Վանեցյանը, որին գովերգում էին, հիմա քննադատության թիրախ է, որն արժանանում է բուռն քննադատությունների»,- նշեց տոնոյանը։

Պատգամավորները հույս ունեն, որ լույս կսփռվի այս իրավիճակի վրա, իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հստակ կասի, թե ինչ էր ակնարկում հրաժարականի իր տեքստում։ Նրանց խոսքով՝ այս պահին գնդակը իշխանության դաշտում է։

Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի գործունեության վերաբերյալ գնահատականին, ԲՀԿ-ական պատգամավորները նկատեցին, որ ԱԱԾ-ն փակ կառույց է, բայց, ընդհանուր առմամբ, իրենց գնահատականը բացասական չէ։