Ըստ էության, Արթուրը չի համապատասխանել այն ակնկալիքներին, որը նրա նկատմամբ ունեցել է քաղաքական մեծամասնությունը․ «Իմ քայլը»-ի պատգամավորը՝ Վանեցյանի հրաժարականի մասին
ՀՀ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները տեղյակ չեն ու մանրամասների չեն տիրապետում, թե ինչու է Արթուր Վանեցյանը հրաժարական տվել ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ Նրանք ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց, որ իրենք՝ որպես ԱԺ պատգամավորներ, տիրապետում են 2-րդ աստիճանի գաղտնիության տեղեկատվությանը։
«Վանեցյանի հայտարարության տեքստը կարող է պայմանավորված լինել հարյուր բանով, կարող է պայմանավորված լինել լարված հարաբերություններով, նրանով, որ Վանեցյանը գտնում է, որ իշխանությունը առաջնայինը երկրորդայինից տարբերելու ունակություն չունի, իսկ իշխանությունը գտնում է, որ ունի. կարող է տարրական անհամաձայնության պատճառ լինել: Սակայն գուշակությամբ զբաղվելը շատ անշնորհակալ գործ է»,-ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
Վերջինս նաև չմեկնաբանեց, թե ինչ նկատի ուներ Արթուր Վանեցյանը, երբ ասում էր «կանգ առ»-ի ժամանակն է։
«Կա իշխանությունների և գործառույթների բաժանում։ Արված մեկնաբանությունները բավարար են, եթե իմանամ կամ չիմանամ, դրանից իմ ՕԳԳ-ն չի բարձրանալու», - ասաց Գրիգորյանը։
«Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, միայն հավելեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ու նրա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը բավականին հանգամանալից անդրադարձել են թեմային:
«Ինձ համար հստակ է, որ Վանեցյանն, ըստ էության, չի համապատասխանել այն ակնկալիքներին, որը նրա նկատմամբ ունեցել է քաղաքական մեծամասնությունը»,-եզրափակեց Արուսյակ Ջուլհակյանը:










