Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել. կա զոհ
Սեպտեմբերի 16-ին Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին զինված կոնֆլիկտ է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ ղրղզ սահմանապահ է զոհվել և ավելի քան 10 մարդ վիրավորվել, հայտնում է korrespondent.net-ը` հղում անելով Տաջիկստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնի հայտարարությանը:
Նշվում է, որ կոնֆլիկտը տեղի է ունեցել ղրղզական Մաքսատ գյուղի մոտակայքում: Որոշ աղբյուրների տեղեկությամբ` այդ տարածքում երկու երկրների միջև սահմանն անցնում է ֆուտբոլի դաշտի միջով:
Կողմերը միմյանց են մեղադրում մարտական գործողություններ հրահրելու համար:
«Միջադեպի պատճառ է հանդիսացել Տաջիկստանի քաղաքացիների կողմից պետական սահմանի չթույլատրվող տարածքում շինարարական աշխատանքների իրականացման հանգամանքը: Ի պատասխան` Ղրղզստանի մի քաղաքացի նույնպես տվյալ տարածքում իր տան շուրջ պարսպի շինարարական աշխատանքներ է սկսել»,- ասվում է Ղրղզստանի սահմանապահ ծառայության հաղորդագրության մեջ:
«Ղրղզական կողմն անհայտ նշանակության կառույցի շինարարությունը սկսել է մարզահրապարակի տարածքում»,- հայտարարել են Տաջիկստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնից:
Վիրավոր քաղաքացիների մասին հայտարարություն են տարածել թե´ Ղրղզստանի, թե´ Տաջիկստանի իշխանությունները: Միջադեպից հետո երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:










