Լյուքսեմբուրգում Բորիս Ջոնսոնը ցուցարարների պատճառով «փախել է» ճեպազրույցից (տեսանյութ)

04:57 • 17.09.19

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չի մասնակցել Լյուքսեմբուրգի իր գործընկեր Քսավիե Բետելի հետ նախատեսված համատեղ ճեպազրույցին ցուցարարների ներկայության պատճառով, հաղորդում է РИА Новости-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ջոնսոնը Լյուքսեմբուրգ կատարած այցի ընթացքում բանակցություններ է վարել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և Քսավիե Բետելի հետ: Հանդիպումից հետո երկու երկրների վարչապետները պետք է հայտարարություն անեին մամուլի ներկայացուցիչների համար, սակայն շենքից դուրս գալու ժամանակ Ջոնսոնին շրջապատել են ցուցարաները՝ վանկարկելով «Ամոթ, ամոթ»:

Մեծ Բրիտանիայի վարչապետն անմիջապես պահակախմբերի և օգնականների ուղեկցությամբ արագ մոտեցել է ավտոմեքենային և հեռացել, իսկ Բետելը գնացել է ճեպազրույցի:

Լյուքսեմբուրգի վարչապետն իր դժգոհությունն է արտահայտել Ջոնսոնի հետ բանակցությունների արդյունքից և նրան հորդորել է լուծում գտնել Brexit-ի վերաբերյալ:

«Ժամանակը գնում է, դադարեք խոսել, գործեք», - ասել է Բետելը՝ ցույց տալով իր կողքի թափուր տեղը: