Գեղարքունիքում BMW X5-ը բախվել է քարերին ու շրջվել. 37-ամյա վարորդի դին գտել են մեքենայից մոտ 80 մ  հեռու. Shamshyan.com

09:44 • 17.09.19

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 00։05-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ՝ 37-ամյա Գևորգ Հովհաննիսյանը իր վարած BMW X5 մակնիշի 51 QD 111 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձախակողմյան դաշտամիջյան հատվածում և կողաշրջվել։

Վթարի հետևանքով վարորդը, ում դին գյուղացիները, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 80 մետր դուրս, տեղում մահացել է:

Ըստ կայքի՝ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը վերջերս էր Հայաստան վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա։