«Ռուսթավի 2» հեռուստաալիքի նախկին հաղորդավարն ասել է, թե ինչու է եթերում հայհոյել Պուտինին

01:54 • 17.09.19

Վրաց լրագրող և «Ռուսթավի 2» հեռուստաալիքի նախկին հաղորդավար Գեորգի Գաբունիան ասել է, թե ինչու է եթերում հայհոյել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այդ մասին նախ խոսել է Mtavari Arkhi հեռուստաընկերության «Պոստ ֆակտում» հաղորդման ժամանակ, հաղորդում է Газета-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գաբունիան Պուտինին «Վրաստանի թշնամի» է անվանել և հայտարարել է, որ «վախկոտ չէ» և չի խուսափում արտահայտել իր կարծիքը:

«Ես չեմ ներելու, որ Ռուսաստանը դարեր շարունակ ոչնչացրել է իմ երկիրը, և մեր գործող իշխանություններն օգնում են նրան այդ հարցում»,- նշել է Գաբունիան:

Լրագրողի խոսքով՝ հանրապետության իշխող վերնախավի շարքերում կան մարդիկ, որոնք աջակցում են Մոսկվային: Միաժամանակ, հաղորդավարն ասել է, որ ամաչում է ապրել մի երկրում, որն այդքան հաճախ փոփոխում է իր սահմանները քարտեզի վրա:

«Թող Պուտինը իմանա, որ մենք Ռուսաստան չենք դառնա, որ «Վրացական երազանքը» (իշխող կուսակցությունը) ամբողջ Վրաստանը չէ: Ես ուզում եմ ազատ լինել»,- ամփոփել է Գաբունիան: