ՀՀ ոստիկանապետը հրաժարական կտա վարչապետի հետ Ամուլսարի թեմայով «բախումից» հետո. «Ինտերֆաքս»

23:46 • 17.09.19

Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով տեղի աղբյուրներին, այսօր կայացած Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են մի շարք ներքին քաղաքական հարցեր, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը: Խոսվել է նաև ոստիկանության կողմից դեպի Ամուլսարի ոսկու հանքավայր տանող ճանապարհների բացման անհրաժեշտության մասին, որոնք արգելափակել են բնապահպանները և ակտիվիստները:

ԶԼՄ-ների տվյալներով՝ Օսիպյանը կասկած է հայտնել, որ ճանապարհների բացման գործընթացը հարթ կանցնի, և ներկայացրել է ակտիվիստների դեմ ուժի կիրառման վտանգները:

«Վարչապետը հայտարարել է, որ եթե ոստիկանապետն ի վիճակի չէ, ապա գործողությունները կղեկավարի ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանը, որի թեկնածությունը դիտարկվում է նաև ԱԱԾ տնօրենի պատշոնի համար: Լարված իրավիճակում անցած զրույցը հանգեցրել է նրան, որ Օսիպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Համապատասխան հրամանագիրը հրապարակվի վաղը»,- հաղորդում են ԶԼՄ-ները:  

Հիշեցնենք, որ երկուշաբթի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ ավելի ուշ հանդես գալով հայտարարությամբ և ասելով, որ «իր որոշումը ստեղծված իրավիճակում և հետագա զարգացումների համատեքստում Հայաստանին ծառայելու ամենահիմնավոր տարբերակն է»: Նրա խոսքով՝ իր հրաժարականը պետք է ազդակ լինի Հայաստանի ղեկավարության համար քաոսային որոշումներից հրաժարվելու անհրաժեշտության մասին: