Ռուսաստանն ու Թուրքիան բանակցություններ են վարում նորագույն սպառազինությունների ձեռքբերման շուրջ

00:32 • 17.09.19

Մոսկվան և Անկարան բանակցություններ են վարում նորագույն սպառազինությունների ձեռքբերման շուրջ, պատմել Է Վլադիմիր Պուտինը թուրք և իրանցի գործընկերներ Ռեջեփ Էրդողանի և Հասան Ռոուհանիի հետ եռակողմ հանդիպման արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է ria.ru-ն։

Պետության ղեկավարը հիշեցրել է նաև Մոսկվայի և Անկարայի՝ ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների վերաբերյալ պայմանագրի մասին, որի մատակարարումների երկրորդ փուլը Ռուսաստանն ավարտել էր նախօրեին։

Ընդհանուր առմամբ, Պուտինը ռազմատեխնիկական ոլորտում կողմերի համագործակցությունը հաջողված է համարել:

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան հետաքրքրված է Սու-35 և Սու-57 կործանիչների գնման հնարավորությամբ։  Էրդողանը հայտնել էր, որ կողմերն արդեն բանակցություններ են վարում ռուսական կործանիչների մատակարարման շուրջ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:

Հուլիսի 12-ին ռուսական C-400 համակարգերի առաջին խմբաքանակը մատակարարվել է Թուրքիա: ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել նախագահ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` ռուսական C-400-ների մատակարարման մեկնարկի առնչությամբ:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը C-400 համակարգերի մատակարարման գործարքը Ռուսաստանի հետ երկրի ժամանակակից պատմության կարևորագույն համաձայնագիրն է անվանել: Էրդողանի խոսքով՝ C-400-ների մատակարարման գործընթացը, որը մեկնարկել է հուլիսի 12-ին, կարող է ավարտվել 2020-ի ապրիլին: