«Մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում». Զաքիր Հասանովը մեկնաբանել է Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը:
«Մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում, և մենք երազում ենք այդ մասին. այն շուտով ի կատար կածվի: Այդ ժամանակ կտեսնենք, թե նա պատասխանատո՞ւ է իր խոսքերի համար, թե՞ ոչ: Մեր արտգործնախարարությունն արժանի պատասխան է տվել»,- ասել է Հասանովը Real TV-ին տված հարցազրույցում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ Հայաստանում «դատարկախոսությամբ են զբաղվում», քանի որ Երևանն ինքը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում կայացած ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկել է այն բոլոր խնդիրները, որոնք հանրապետությունը պետք է լուծի մինչև 2050 թվականը: Փաշինյանը նշել է, որ իր խոսքում չի առանձնացնում Արցախը, քանի որ «Արցախը Հայաստան է, և վերջ»:










