Ծաղկաձորում մեկնարկում է Դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը

12:13 • 18.09.19

Սեպտեմբերի 18-25-ը Ծաղկաձորում անցկացվելու է դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու են Հայաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Վրաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատանի շախմատիստները, շուրջ 100 հոգի: Այս մասին հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Առաջնությունը նպատակ ունի դպրոցականների շրջանում խթանել շախմատ մարզաձևի զարգացումը, նպաստել դպրոցներում հավաքական թիմերի ստեղծմանը, նախապատրաստել դպրոցականներին  միջազգային մրցումներին, ամրապնդել դպրոցներում «Շախմատ» առարկայից ստացած գիտելիքները:

2018 թ. նոյեմբերի 15-19-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում կայացած Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի կողմից կազմակերպվող Գործադիր կոմիտեի հերթական ժողովում Դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնության կազմակերպումը վստահվել է Հայաստանին: Մրցումների կազմակերպիչներն են Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիան և Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիան:

Մրցումներին մասնագիտական աջակցություն ցուցաբերում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Հայաստանի  պատվիրակության մասնկացությունը և մրցումների կազմակերպման գործընթացը ֆինանսավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու 2019 թ.-ի սեպտեմբերի 19-ին ժամը՝ 18:00-ին, փակման միջոցառումը՝ սեպտեմբերի 24-ին ժամը՝ 18:00-ին: